Lragir.am-ը գրում է.

Այսօր վերաքննիչ քրեական դատարանում քննվեց խարդախության կասկածանքով կալանավորված ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի բողոքը։ Պաշտպանական կողմը բողոքարկում է առաջին ատյանի որոշումը, որով մերժվեց գրավի դիմաց ազատամարտիկին ազատ արձակելը։ 

«Մեզ համար այժմ  առաջնայինն այն է, որ Վոլոդյա Ավետիսյանը կալանքից ազատվի, մնացածը, թե ինչպիսի մարտավարություն ենք իրականացնելու, արդեն պիտի քննարկենք և համաձայնեցնենք Վոլոդյա Ավետիսյանի հետ»,- նշեց փաստաբան Արա Զաքարյանը։ 

Նիստի ընթացքում հնչեցին պաշտպանական կողմի բացատրությունները առաջին ատյանի դատարանի որոշման վերաբերյալ։ Պաշտպանական կողմը բարձրացրեց նաև համաներման հետ կապված հարցը, քանի որ համաներումը տարածվում է նաև այն հոդվածի վրա, որով մեղադրանք է առաջադրված ազատամարտիկին։ 

Դատարանը, սակայն, չհասցրեց լսել դատախազին աշխատանքային օրվա ավարտի պատճառով, և նիստը հետաձգվեց մինչև հոկտեմբերի 14-ը, ժամը 14։00։ 

Ի դեպ, փաստաբան Արա Զաքարյանի փոխանցմամբ Վոլոդյա Ավետիսյանի մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի կատարվել, վերջինիս ոչ մի փաստաթղթի հետ չեն ծանոթացրել։ 

Փաստաբանը չբացառեց, որ ինչ-որ քննչական գործողություններ միգուցե կատարվել են, բայց դրանց մասին պաշտպանական կողմը տեղյակ չէ։ Փաստաբանը հաղորդեց նաև, որ Վոլոդյա Ավետիսյանը ո՛չ ցուցմունք է տվել, ո՛չ էլ մասնակցել է  որևէ առերեսման։ 

Ազատամարտիկները, ովքեր եկել էին դատական նիստին մասնակցելու ակնկալիքով, բողոքի ալիք բարձրացրեցին, իմանալով, որ նիստն անցկացվելու է դռնփակ։ «Իրանք խուժան են, ուզում ենք իրանց խուժանությունները փակ դռների հետևում անցկացնել։ Չե՛նք հանդուրժելու»,-ընդվզում էին Վոլոդյա Ավետիսյանի մարտական ընկերները։ 

«Դե որ հավաքվել ենք,  հո հենց այնպես չե՞նք հավաքվել․ տղեր՛ք, դուխ ունենք»,- ահա այսպիսի կոչով Վոլոդյա Ավետիսյանի մարտական ընկերները խմբով անցան մետաղորսիչ սարքի միջով, և դատարանի կարգադրիչներին իրենց ճամփից հեռացնելով՝ ներխուժեցին դատարանի դահլիճ։ 

Փաստաբան Արա Զաքարյանը հորդորեց Վոլոդյա Ավետիսյանի աջակիցներին լքել դատարանի շենքը, հակառակ դեպքում նիստը կհետաձգվի։ Իմանալով, որ իրենց ընկեր Վոլոդյա Ավետիսյանը ևս խնդրել է, որ ազատամարտիկները դուրս գան դահլիճից, վերջիններս լքեցին դատարանը՝ շարունակելով բողոքի ակցիան շենքի դիմաց։ 

Վոլոդյա Ավետիսյանը փաստաբանի միջոցով իմացավ, որ իր մարտական ընկերները դատարան են եկել, փորձել են մտնել նիստերի դահլիճ՝ ազատելու իրենց ընկերոջը։ Նա բարևներ փոխանցեց բոլոր այն մարդկանց, ովքեր համաքվել են դատարանի մոտ և առհասարակ պայքարում են իր համար։  

«Մենք էստեղ բոլորս էլ Վոլոդյա Ավետիսյան ենք, եթե Վոլոդյային չազատեն, դնելու ենք թևներիս տակ դուրս բերենք իրան»,- ազատամարտիկները այլևս չեն ցանկանում հանդուրժել բոլոր այն անօրինականությունները, որոնց պատճառով հայրենիքի համար պայքարած ազատամարտիկն այժմ ճաղերի հետևում է։ 

«Գալու ենք՝ պայքարելու ենք, մեր պահանջն արդար ա, Վոլոդյան էլ արդար ա։ Անկախ նրանից՝ Վոլոդյա Ավետիսյանը հիմա մեր կողքին ա, թե ոչ, մենք մեր պայքարը շարունակելու ենք, էնպես որ չեն կարողանալու կոտրել ազատամարտիկին»,- իր վճռականությունը հայտնեց ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել