1in.am-ը գրում է.

Ռուսաստանի հայերի միությունը մասնաճյուղեր ունի այդ երկրի 640 քաղաքներում: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը՝ հավելելով, որ իրենք ամենաակտիվ մասնակցությունն ունեն ռուսաստանյան ամենատարբեր կառույցների աշխատանքներին:

«Այդ ամենին զուգահեռ՝ մենք զբաղվում ենք նաև հայկական խնդիրների լոբբիով, Հայաստանից եկած մարդկանց ադապտացիայի խնդիրներով, հայ երիտասարդներին մեր միության շուրջը համախմբելով»,- ասաց նա:

Անդրադառնալով «Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության օրերը Հայաստանում և Արցախում» ամենամյա միջոցառումների ծրագրին՝ Արա Աբրահամյանը նշեց, որ միջոցառումներն անցկացվում են արդեն 9-րդ անգամ:

Ռուսաստանի հայերի միության նախագահի խոսքով՝ բազմաթիվ միջոցառումների շարքում իրենք Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ նախատեսում են իրականացնել «Մաքուր Երևան» ծրագիրը:

«Բացի այդ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ սփյուռքի, մշակույթի և կրթության ու գիտության նախարարությունների հետ բազմաթիվ միջոցառումներ ենք նախատեսում: Այդ նպատակով Ռուսաստանում հիմնել ենք տարբեր կազմկոմիտեներ»,- տեղեկացրեց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել