Մեկ տարի առաջ, երբ ԱՄՆ-ում մասնակցում էի հաշմանդամություն ունեցող կանանց համար նախատեսված դասընթացներին, Երևանից ընկերներս ինձ անընդհատ հարցնում էին՝ Զառ, էդ ինչ ա պատահել, որ սայլակին ես: Պատճառն այն էր, որ ԱՄՆ-ում ապահով և ինքնուրույն տեղաշարժվելու համար ես օգտվում էի մոտորասայլակից, որով ազատ ելումուտ էի անում թե քաղաքային տրանսպորտ, թե խանութներ և գրադարաններ, թե հասարակական այլ վայրեր: Զգում էի այն, ինչ երբեք չէի զգացել իմ քաղաքում. Ազատություն:
ԱՄՆ-ում ինձ հյուրընկալող ընտանիքը վերադարձիս նմանատիպ սայլակ նվիրեց, որպեսզի ես իմ երկրում էլ հնարավորինս ինքնուրույն տեղաշարժվեմ: Բայց… Առաջին դժվարություններին հանդիպեցի երբ Զվարթնոց օդանավակայանից պետք է սայլակը տուն տեղափոխեինք. այն չի ծալվում և որևէ կերպ չի տեղավորվում սովորական մեքենայի բեռնախցիկում:
Այնուամենայնիվ, դրանով դուրս եկա Երևանում շրջելու: Բնականաբար, նույն ազատությունն ու անարգել միջավայրը չէի էլ ակնկալում իմ քաղաքում: Այստեղ կարճ տարածություն անցնելու համար անպայման որևէ մեկը պետք էր, որպեսզի օգներ ինձ անցնելու նույնիսկ այն թեքահարաթակներով, որոնք կառուցված են իբր թե միջավայրը մատչելի դարձնելու համար: Սակայն այս բոլոր խնդիրներով հանդերձ ես ինձ համար մի շատ կարևոր բացահայտում արեցի. նորովի ճանաչեցի երևանցիներին:
Հենց որ դրսում մի խոչընդոտի էի հանդիպում, չէի էլ հասցնում նկատել, թե ինչպես է օգնողների բանակը հայտնվում. կանայք, երիտասարդներ, տղամարդիկ, մեծահասակներ… Մի անգամ, երբ ուզում էի խանութ մտնել գնումների, մի զույգ օգնեց հաղթահարել մուտքի առջևի աստիճանները: Գնումնրես կատարելուց հետո դուրս եկա, տեսնեմ՝ զույգը դեռ կանգնած սպաում է, որ դուրս գամ, օգնեն իջնեմ աստիճանները:
Մարդկային ուշադրությունն ամենակարևոր բանն է, որ մեզ միշտ շոյում ու ջերմացնում է, անկախ նրանից, թե ուվ է այն մեզ նվիրում: Ես նմանատիպ վերաբերմունքի արժանացել եմ և՛ ԱՄՆ-ում, և՛ Բրիտանիայում, և՛Թուրքիայում, բայց բոլորովին այլ է, երբ քո հանդեպ հոգատար են քո տանը՝ Երևանում:
Հիմա միայնակ՝ առանց ուղեկցության դուրս եմ գալիս Երևանում զբոսնելու, գնումներ կատարելու, որովհետև վստահ եմ՝ եթե օգնության կարիք ունենամ, երևանցիները կողքիս են…