1in.am-ը գրում է.
«Թուրքիայի վարչապետ Էրդողանի կողմից վերջերս ներկայացված Ժողովրդավարացման ծրարը ոչ իսլամ բնակչության շրջանում հույս է ներշնչում, սակայն հանրության անդամներից ոմանք նշել են, որ անհրաժեշտ է առավել նպատակաուղղված աշխատանք՝ տասնամյակներով կուտակված խնդիրները լուծելու համար»,- ֆրանսիական «Յառաջ» պարբերականի փոխանցմամբ՝ գրել է «Զաման» թերթը:
«Ժողովրդավարացման ծրարը ունի հեռանկարային բարեփոխումներ: Այն հստակ քայլերի ճանապարհ է հարթում, որոնք անհրաժեշտ են՝ լուծելու ազգային փոքրամասնությունների հարցերը, սակայն բավարար չեն մեր հիմնական խնդիրները լուծելու համար»,- թերթին հայտնել է Պոլսի «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը: Նա տեղեկացրել է նաև, որ հայ համայնքի գլխավոր պահանջն է իրավական կարգավիճակ շնորհել Պոլսի հայոց պատրիարքարանին:
«Այնուամենայնիվ, մենք շատ կարևոր ենք համարում ժողովրդավարացման ջանքերը, որոնք վերջին 10 տարիներին գործադրվել են»,- հավելել է նա: