News.am-ը գրում է.

Մայիսի 9–ին, Հաղթանակի օրվա կապակցությամբ «Եռաբլուր» պանթեոն այցելեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը։ Նրան ուղեկցում են «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները։

Նրանք հերթով ծաղիկներ խոնարհեցին հայրենիքի համար ընկածների շիրիմներին։

Եռաբլուրի եկեղեցու մոտ Ռոբերտ Քոչարյանը հանդիպեց Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանին և զրույցի բռնվեց։

Երկրորդ նախագահը լրագրողների հետ զրույցում, մասնավորապես, ասաց. «Ամենից լավ իրենց հիշատակը պահելը իրենց գործին հավատարիմ լինելն է։ Սա է, որ բացակայում է իշխանավորների մոտ, և սրա վերջը իսկապես, պետք է տալ»։

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն ընդդիմությանն անվանում է պատերազմի եռագլուխ կուսակցություն, Քոչարյանն ասաց. «Մենք արդեն ասել ենք, որ եռագլուխը ինքն է, Ալիևը և  Էրդողանը»։

Նա չցանկացավ այլ հարցերի պատասխանել՝ նկատելով, որ սա այն տեղը չէ, որ կարելի է ծավալվել։

Հիշեցնենք մայիսի 9-ը հայության համար տարիներ շարունակ եռատոն է եղել Երկրորդ համաշխարհային պատերազմում խորհրդային ժողովուրդների տարած հաղթանակի, Արցախի պաշտպանության բանակի ստեղծման և 1992թ-ի Շուշիի ազատագրման օրը: Շուշին, սակայն, կորցրինք 2020–ի նոյեմբերին արցախյան 44–օրյա պատերազմում կրած ցավալի պարտության արդյունքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել