Epress.am-ը գրում է.
«Թուրքեր հեռացեք», «Ոչ օտարերկրյա լրտեսներին», «Դավաճաններ», «Աշխատատեղ» ու նմանատիպ այլ կոչեր պարունակող պաստառներով, տարատեսակ սպառնալիքներով և սուլոցներով ՀՀ ԱԺ ՀՀկ խմբակցության պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանի կողմնակիցներն այսօր կրկին «ջերմ» ընդունելության են արժանացրել «Ազատագրենք հուշարձանը օլիգարխից» նախաձեռնության անդամներին, որոնք Մաշտոցի պուրակից երթով շարժվել են դեպի Փակ շուկա՝ պահանջելով նախկին տեսքի բերել պատմական հուշարձան հանդիսացող շենքը:
Փակ շուկան արդեն երրորդ օրն է, ինչ «փակ» չէ. այն վերաբացվել է որպես սուպերմարկետ:
Ի տարբերություն նախորդ ակցիաների, այսօրվաններն ընթացել են փոքր-ինչ փոփոխված սցենարով՝ Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները դիրքավորվել են շուկայի շուկայի շենքի մայթին, իսկ նրանց ակտիվիստ «թշնամիները» կանգնել են ոչ թե դիմացի մայիթին, ինչպես նախկինում, այլ նույն շուկայի մայթին: Նախաձեռնության անդմաները, ինչպես միշտ, ներկայացել էին եռագույններով և դեղին գլխարկներով:
Մոտ երկու ժամ տևած ակցիայի ողջ ընթացքում Ալեքսանյանի կողմնակիցները անդադար սուլել, բղավել, օգտագործել անչափ բարձր ձայն հանող կլաքսոնները: