«Արաբական գարնան» շրջանակներում տեղի ունեցած գործընթացների հետևանքով, ինչպես նաև քաղաքական նոր վերափոխումներ ապրած մի շարք արաբական երկրների հարցում Թուրքիայի ձախողված արտաքին քաղաքական հաշվարկների և ոչ ճիշտ արձանգանքների պատճառով էականորեն տուժեցին Անկարայի հարաբերությունները մասնավորապես Սիրիայի, իսկ վերջին ամիսներին` նաև Եգիպտոսի հետ:
Եթե Սիրիայի դեպքում իրավիճակն անդառնալի է, ապա գոնե արաբական ամենաառանցքային պետություններից մեկի` Եգիպտոսի պարագայում թուրքական կողմը որոշակի քայլեր է ձեռնարկում դրությունն շտկելու համար. այդ նպատակով Անկարան առաջարկել էր կազմակերպել Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեթ Դավութօղլուի այցը Կահիրե, ինչը ողջունել էին եգիպտական իշխանությունները:
Մինչդեռ լուրջ հիմքեր կան կարծելու, որ վերոնշյալ այցը կարող է չկայանալ, քանի որ եգիպտական կողմը հրաժարվել է ընդառաջել Անկարայի ներկայացրած նախապայմանը` հնարավորություն ընձեռելու Դավութօղլուին`հանդիպելու ներկայում կալանքի տակ գտնվող Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամադ Մուրսիին: Այս պայմաններում, բնականաբար, թուրքական կողմի համար առավել նախընտրելի կլինի ընդհանրապես հրաժարվել նման այցելությունից, քանի որ թուրքական բարձրաստիճան պաշտոնյայի`Եգիպտոս ժամանելու և նախկին նախագահին չհանդիպելու հանգամանքը, ում հետ թուրքական իշխանությունները, մեղմ ասած, սերտ հարաբերություններ ունեին, հղի է բավականին լուրջ հետևանքներով Անկարայի հեղինակության համար մի կողմից հենց Եգիպտոսում Մուրսիին հարող ուժերի շրջանում, մյուս կողմից` նաև արտաքին հարթակում...
և սա այն դեպքում, երբ Եգիպտոսի ժամանակավոր իշխանությունները նման հնարավորություն են ընձեռել, ասենք, հուլիսի վերջին գրեթե միաժամանակ երկիր այցելած Իսլամական համագործակցության կազմակերպության ղեկավար Էկմելեդդին Իհսանօղլուին, Աֆրիկյան միության պատվիրակությանը, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթիրն Էշթոնին և այլոց...իսկ այ Թուրքիային մերժում են: Իսկ պատճառն էլ նոր չէ` կորել է վստահությունը Թուրքիայի հանդեպ:



