1in.am-ը գրում է.

Հայաստանում դեղարտադրության բնագավառում մի վիճակ է ստեղծվել, որ հակասում է բոլոր օրենքներին, ինչ-որ բան իր տեղում չէ: Հոկտեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը ԳԱԱ-ին կից Օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Վիգեն Թոփուզյանը նշեց, որ չկան անգամ դեղարտադրության համար անհրաժեշտ բոլոր նորմատիվները: 

«Ցանկացած երկիր իր շուկան պաշտպանում է դեղաբանական կոմիտեների միջոցով: Իսկ ի՞նչ է մտնում Հայաստան, թույլատրո՞ւմ ենք, թե՞ ոչ, այն պահանջներին համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ: Այդ թույլտվությունը պիտի տա դեղաբանական կոմիտեն: Մինչ այժմ, սակայն, մեր տեղեկություններով, հայրենական արտադրողներից ոչ ոք չունի այդ թույլտվությունը: Մենք առաջարկում ենք սկզբում որոշել խաղի կանոնները, դրանք լինեն սեղանին, հետո ժամանակ տանք, որ մարդիկ հարմարվեն այդ կանոններին»,- ասաց նա:

Թոփուզյանի խոսքով՝ եվրոպական ստանդարտներն ուրիշ են, ճապոնականն ու ամերիկյանը՝ բոլորովին այլ: Իրեն ասում էին՝ պետք է հետևես Եվրոպական ստանդարտներին, իսկ ինքն ասում էր՝ պարտավոր չէ օտար լեզվով ստանդարտներին ծանոթանալ, պետք է դրանց հայերենը լինի: Բանախոսը տեղեկացրեց, որ դեղի տուփի վրա նշված ժամկետը մեկ օր անգամ իրավունք չունեն երկարացնելու, դրա համար արտադրողը պիտի համապատասխան խմբաքանակի դեղը հետ վերցնի, ստուգի, համոզվի, որ որակը չի կորել, դիմի, թույլտվություն ստանա, նոր շարունակի: Սակայն դա ռիսկ է հիվանդի համար. ժամկետանց դեղը վաճառելու իրավունք չկա: 

«Շուկայում կեղծ դեղեր կան, դեռ ինքս չեմ բռնեցրել, բայց լսել եմ, որ 45 տոկոսանոց լուծույթի փոխարեն 23 տոկոսանոց լուծույթ են հայտնաբերել: Դա էլ է կեղծիք. մի տոկոս անգամ տարբերություն չպիտի լինի. դեղարտադրությունն ունի օրենքներ, որոնց պետք է հետևել»,- ասաց նա՝ նշելով, որ ինքը, որպես քաղաքացի, իրավունք չունի որևէ մեկի ձեռքը բռնելու, բայց հաճույքով կբարձրաձայնի, երբ ձեռքի տակ փաստեր ունենա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել