Aysor.am-ը գրում է.

ՀՀ պետական սահմանի Մեղրու և «Զվարթնոց» օդանավակայանի անցման կետերում խոլերայի դեպք չի արձանագրվել: Այս մասին Aysor.am-ին փոխանցեցին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Նշենք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում խոլերայի դեպքեր են արձանագրվել: ՀՀ առողջապահության նախարարության կողմից շարունակվում են կանխարգելիչ և սահմանափակող բոլոր միջոցառումները հանրապետության տարածք խոլերա հիվանդության ներբերումը և հետագա տարածումը կանխարգելելու նպատակով:

Ըստ պաշտոնական տվյալների՝ Իրանում խոլերայով հիվանդության դեպքերի թիվը հասել է 210-ի։ Հիվանդների մեծ մասը Աֆղանստանի քաղաքացիներ են: Հիվանդությունն Իրան է ներբերվել Աֆղանստանի և Պակիստանի տարբեր վայրերից։

ՀՀ պետական սահմանի Մեղրիի անցման և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի սանիտարական կարանտինային կետերի կողմից Իրանից Հայաստան ժամանող 1564 ուղևորների զննում և ջերմաչափում է իրականացվել։ Նրանցից 1195-ը Հայաստան է ժամանել ՀՀ պետական սահմանի Մեղրու անցակետով, իսկ 369-ը` Թեհրան-Երևան չվերթով` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանով։

Միաժամանակ հիվանդության կանխարգելման վերաբերյալ անհրաժեշտ խորհրդատվություն է տրամադրվել Թեհրան մեկնող 962 ՀՀ քաղաքացիներին։ Նրանցից 928-ը Իրանի Իսլամական Հանրապետություն է մեկնել Մեղրու անցման կետով, 34-ը` «Զվարթնոց» օդանավակայանից։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել