1in.am-ը գրում է.

Այս տարվա օգոստոսին Երևանի կտրվածքով բնակարաններն ամենաշատը թանկացել են Աջափնյակ վարչական շրջանում: Այստեղ այս տարվա օգոստոսին բնակարանի 1քմ կարելի էր գնել 248.1 հազար դրամով, իսկ անցած տարվա նույն ժամանակում այս վարչական շրջանում 1քմ գինը ցածր էր 16 հազար 700 դրամով:

Թանկացման չափով երկրորդը Նոր-Նորքն է, որտեղ մեկ տարում բնակարանի 1քմ գինը բարձրացել է 16 հազար դրամով` հասնելով 251 հազար դրամի:

Թանկացման եռյակը եզրափակում է Շենգավիթը, որտեղ մեկ տարում գինը բարձրացել է 14.5 հազար դրամով: Այժմ այս վարչական շրջանում բնակարանի 1քմ կարելի է գնել մոտ 255 հազար դրամով:

Գնային առաջատարն անփոփոխ է: Ինչպես միշտ ամենաթանկ բնակարանները Կենտրոնում են: Այստեղ բնակարանի 1քմ կարելի է գնել 428 հազար դրամով, ինչը 11 հազար 200 դրամով թանկ է անցած տարվա նույն ժամանակի ցուցանիշից: 

Երկրորդ ամենաթանկ վարչական շրջանում` Արաբկիրում, մեկ տարում գները բարձրացել են 12 հազար 800 դրամով: Այստեղ բնակարանի 1քմ-ն կարելի է գնել 356.5 հազար դրամով: 

Բնակարանները թանկ են նաև Քանաքեռ-Զեյթունում. 1քմ-ն` 282 հազար 400 դրամ: Թանկությամբ երրորդը համարվող այս վարչական շրջանում բնակարնի 1 քմ գինը մեկ տարում բարձրացել է մոտ 10 հազար դրամով:

Ինչպես միշտ ամենաէժան բնակարանները Նորագավիթում են: Այստեղ բնակարանի 1քմ-ն կարելի է գնել միջինը 152 հազար 200 դրամով: Սակայն այստեղ էլ զգալի թանկացում է նկատվում: Անցած տարվա նույն ժամանակի համեմատ Նորագավիթում բնակարանի 1քմ գինը բարձրացել է 11 հազար 700 դրամով:

Երկրորդ էժան վարչական շրջանը Մալաթիա-Սեբաստիան է, որտեղ բնակարանի 1քմ-ն կարելի է գնել 241 հազար 100 դրամով: Անցած տարվա նույն ժամանակում այս գինը ցածր էր 11 հազար 300 դրամով:

Ընդհանրապես մեկ տարում բնակարանները թանկացել են Երևանի բոլոր վարչական շրջաններում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել