1in.am-ը գրում է.
Պակիստանցի իրավապաշտպան Մալալա Յուսուֆզայը դարձել է The Pride of Britain Awards-ի («Մեծ Բրիտանիայի հպարտություն») մրցանակակիրը, որը շնորհվում է Թագավորության այն հպատակներին, որոնք խիզախություն են հանդես բերել արտակարգ իրավիճակներում՝ հայտնում է ITV հեռուստաալիքը:
Մալալային մրցանակ-արձանիկը հանձնել է հայտնի ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը:
«Դու զարմանալի ու շատ յուրահատուկ աղջիկ ես, ու քո պատմությունը ապշեցրել է ամբողջ աշխարհի միլիոնավոր մարդկանց: Ինձ համար մեծ պատիվ է այդ մրցանակը քեզ հանձնելը»,- ասել է Բեքհեմը:
«Դա կօգնի ինձ շարունակել իմ արշավը»,- ասել է Յուսուֆզայը՝ շնորհակալություն հայտնելով մրցանակի համար:
Հիշեցնենք, որ 2012թ. հոկտեմբերի 9-ին Պակիստանում աղջկա վրա հարձակում էր իրականացվել, ահաբեկիչները կրակ էին բացել դպրոցական ավտոբուսի վրա, որտեղ գտնվել էին աղջիկը և նրա համադասարանցիները: Աղջիկն ստացել էր գլխի ու պարանոցի վնասվածք: Ծայրահեղականներն այդ քայլով պատժել էին աղջկան, որը Պակիստանի երիտասարդներին կոչ էր անում կյանքում ազատորեն ընտրել սեփական ուղին ու իր բլոգում դատապարտել էր ահաբեկչությունը: