1in.am-ը գրում է.
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին քաղաքականությունից շուտ հեռանալու մասին հերթական հայտարարությունն արել է իշխող «Վրացական երազանքի» կոալիցիայից նախագահի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլիի նախընտրական արշավի ընթացքում՝ Բաթումում ընտրողների հետ հանդիպման ժամանակ: Հանդիպման մասին տեղեկությունը տեղակայվել է Իվանիշվիլիի ֆեյսբուքյան պաշտոնական էջում՝ փոխանցում է Gruziya Online-ը:
«Ցանկանում եմ Ձեզ հիշեցնել, որ ես ոչ մի տեղ չեմ գնում, հակառակը, գալիս եմ»: Նա իր կողմնակիցներին վստահեցրել է, որ ճիշտ այնպես, ինչպես կատարել է բոլոր խոստումները իշխանության ղեկին գտնվելու ընթացքում, այդպես էլ աստիճանաբար կհասնի նախատեսվածին հասարակության հետ: Նա նշել է, որ պաշտոնաթողությունից հետո պատրաստվում է առնվազն 20 տարի լինել հասարակության ակտիվ անդամը:
Իվանիշվիլիի հեռանալու հստակ ամսաթիվը հայտնի չէ, սակայն նա ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստվում է լքել պաշտոնը նախագահական ընտրություններից անմիջապես հետո:
Բնութագրելով Գեորգի Մարգվելաշվիլիին` վարչապետը նրան անվանել է շատ կիրթ, եվրոպական տեսակի շատ խոհեմ քաղաքական գործիչ, լավ մենեջեր: Նա խոստացել է, որ Մարգվելաշվիլին պարտադիր կհաղթնի ընտրություններում ու կդառնա նախագահ:
Իվանիշվիլին կոչ է արել չսպասել գերմարդու, քանի որ Գեորգին մարդ է: «Նա չի կառչի իշխանությունից, եթե զգա, որ այլևս պետք չէ ժողովրդին»,- հայտարարել է Իվանիշվիլին: