Ինչու՞ գրանցվեցիք ֆեյսբուքում, ու՞մ հետ եք շփվում Ֆեյբուքում:

 

Հայության   առջև բազում  խնդիրներ են ծառացած, որոնց պատասխանները, ներկա  քաղաքակրթական տրամաբանություններից և մոտեցումներից դուրս լինելով,  հեշտությամբ գտնվողներից չեն…   Պատասխանները կարող են հայտնաբերվել միայն ձևավորված ԿՈԼԵԿՏԻՎ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ առկայության  պարագայում, սակայն պատմությունը ցույց է տալիս, որ  միավորվել թեկուզ ամենավեհ  նպատակի  շուրջ մենք չենք կարողանում ըստ սահմանման: Դա հնարավոր է միայն  ֆորսմաժորային իրավիճակներում, ազգի տեսանելի ֆիզիկական բնաջնջման վտանգի պարագայում միայն… Իրավամբ, մեր ներկա վիճակը  էապես ավելի   ծանր է,  քանզի  կորսվում  են  հազարամյակների ընթացքում ձեռք բերած  մեր բոլոր  առաքինություններն ու  արժեքները, ազգիս ոգեղենությունն ու էությունը:  Դժբախտաբար այս  ամենը տեսանելի  չեն  շատ շատերիս  համար…

Ֆեյսբուքում գրանցվելով ես փորձում եմ  լուսաբանել   այս անհեթեթ վիճակում  հայտնվելու պատճառները,  զգուշացնել  նախադեպը չունեցող մեր հետաճի  անթույլատրելիության և այս ուղիով  հետագա ընթացքի  կործանարար լինելու մասին, փորձում եմ  խոսել  ներկա  քաղաքակրթական մոդելի  ինքնասպառված լինելու   և նրա վերափոխման  անհրաժեշտությունների մասին:  (տես    http://blognews.am/arm/search/?q=artashes+papazyan):

Իմ համոզմամբ, սոցիալական ցանցերն  այսօր Հայության համար   աննախադեպ մի հնարավորություն են ստեղծել… Վիրտուալ տարածքներում միմյանց հետ շփվելով, կարծում եմ  կարող է ձևավորվել այն հավաքական  մտածողությունը,  որը կնպաստի   այս ծանր վիճակից դուրս գալու ճշմարիտ  լուծումները գտնելուն: 

 

Գաղտնիք չէ, որ ֆեյսբուքում Դուք ներկայացնում եք թվային առումով փոքրամասնություն կազմող սերունդը: Ի՞նչ կարող եք ասել ֆեյսբուքում ակտիվ գործունեություն ծավալող երիտասարդության մասին, ինչ որ մեկին կառանձնացնեի՞ք:

 

Խիստ պայմանական, ֆեյսբուքում ակտիվ գործունեություն ծավալող երիտասարդների  երկու խումբ կառանձնացնեմ:    Love Is...,  Hot TV,  BornToDie,   INFOmanka,  Sexopathologist  և այլն, մի կողմում  ու «Պարենք Հայերեն», «Հեռուստաեթերի մաքրման պահանջ», «Ոչ գենդերին..»,  «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցներին» և նմանները՝ մյուսում:  Առաջին խմբում ընդգրկվածները ամենաընթերցվողներն են: Այստեղ խոսակցությունները հիմնականում գլամուրային կյանքին, մարմնավոր  առավել  հաճույքներ ստանալու ուղիներին, ռիհաննաների կամ մադոննաների   մարմինների տարբեր մասերին, հաճելի  ճամփորդություններին ու զվարճանքներին և ընդհուպ մինչև  մեր  հասարակական զանգվածներին «շատ հուզող» անալային կամ օրալ  սեքսով զբաղվելու սեքսոպաթոլոգի խորհուրդներին են վերաբերվում… Մյուս խմբում  մեր ազգային էության և սեփական ինքնության, մեր լեզվի ու մշակութային արժեքների պահպանման միջոցով Հայ տեսակի լինելության  հարցերն են արծարծվում: Երիտասարդներից յուրաքանչյուրն իրեն պիտի հաշիվ տա, թե որտեղ է ինքը:  ԿԱՄ –ԿԱՄ: Երրորդը տրված չէ:

 

Կա՞ մի բան, որ մինչև այսօր երազանք է մնացել, չեք կարողացել իրագործել: Ինչ որ բանի համար ափսոսո՞ւմ եք:

 

Մարդու կյանքը սեփական երազանքների իրականացման մի ընթացք է և քանի դեռ կենդանի ես,  միշտ էլ հույս կա, որ  երազանքներդ իրականություն կդառնան քո միջոցով կամ /եվ/ Աստծո ողորմածությամբ, մանավանդ,  երբ դրանք անանձնական են,  քեզանից դուրս են ուղղված … Մի փոքր վերաձևակերպելով Պաուլո Կոելիոյին, ասեմ, որ եթե քո երազանքները իրոք  մաքուր ու անկեղծ են, ապա ողջ տիեզերքն է նպաստում դրանց իրականացմանը…

Իսկ երբ  մարդու մոտ  բացակայում են երազանքները  կամ, ավելի վատ, ուղղված են միայն իր մարմնավոր անհագ ցանկությունների ու տարփամոլությունների իրականացմանը, ապա ինձ համար միարժեք է, որ այդ մարդը լինելով կենդանի վաղուց  արդեն մեռած, գնացած է:

 

Ի՞նչ եք կարծում` ներկայիս հեռուստաեթերները կարելի՞ է համարել ուսուցողական և կարելի՞ է դաստիարակել սերունդ ներկայիս հեռուստաեթերներով:

 

Ներկայիս հեռուստաեթերները, 100 տոկոսով նպատակաուղղված «դաստիարակչական» են:  Եթե այդպես չլիներ, ապա 10-15 տարվա ընթացքում հնարավոր չէր լինի փոշիացնել ու հողին հավասարեցնել  մարդկային բոլոր առաքինություններն  ու ազգային արժեքները:  Վարդան Գրիգորյանի «Դար կորստյան» վեպում, որտեղ  վերլուծության են ենթարկված Անիի կործանման խորքային պատճառները,  գլխավոր հերոսն ասում է.      «… Արհամարհվելու են գիրն ու ուսումը … Երեխաները պոռնիկների դաստիարակությանն են տրվելու…» : Ահա այս դաստիարակիչ-պոռնիկը, ոչ ավելի, ոչ պակաս,  մերօրյա հեռուստատեսությունն է: Այն փչացնում ու ապականում է ամեն ճշմարիտ բան, այն լափելով իսկական մշակույթը, մարդկանց մատուցում է նրա կեղծվածքն ու սուռոգատը, այն աղարտում է մարդկանց, մեր զավակների մտքերն ու հոգիները… Այսօրվա աղանդներից, որոնց դեմ մենք իբր պայքարում ենք, ամենավնասակարը պետական հոգածություն վայելող   հեռուստատեսությունն է:

ՀԵՌՈՒ ՊԱՀԵՔ ՁԵԶ ԵՎ ՁԵՐ ԶԱՎԱԿՆԵՐԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԻՑ:

 

Հիշում եմ, որ Դուք բողոքում էիք, որ Երևանի ծննդյան տոնակատարությանը 90 մլն դրամ էին ծախսել, օտարազգի աստղեր բերել և այլն, բայց այդ ամենով կորավ Երևանի դեմքը: Ի՞նչ խնդիրներ եք տեսնում Երևանում տոների նշելու ձևի մեջ:

 

Կարծում եմ, որ ցանկացած ձեռնարկման հիմքում, մանավանդ եթե այն զանգվաային բնույթի միջոցառում է, անպայման ինչ որ բարձր  նպատակ պիտի դրված լինի: Իմ համոզմամբ, այս նեղությունների մեջ անգամ, 190 միլիոն էլ կարելի է ծախսել, եթե  տոնակատարություններից հետո մարդիկ  ա՛յլ հոգեվիճակ ձեռք բերեն,  ինքնամաքրման, առավել բարձր մարդկային հատկանիշների  հասանելիության խնդիր դնեն իրենց առջև, իրենց տունը սեփական  ուժերով շենացնելու, իրենց հողը վարելու,  իրենց արդար քրտինքով հանապազորյա հացը վաստակելու, միմյանց հանդեպ առավել ներողամիտ ու բարյացկամ վերաբերմունք ցուցաբերելու և նման այլ, մարդ մարդուն վայել տրամադրություններով   լիցքավորված  վերադառնան հրապարակից: Ցավոք, այսպիսի միտումներ,  գոնե ես, չեմ  նկատում… Երևանի կառավարիչները, ցավոք  չեն հասել այն գիտակցմանը,  որ  Երևանը  համայն Հայության սիրտն ու հոգին է, և այդ սրտի  բաբախումներն են, որ պիտի համակարգեն ու ներդաշնակեն ամենքիս  գործունեությունը,  իսկ Երևան-Հոգուց տարածվող թրթռանքները պիտի  ազգիս  հոգևոր-մշակութային կյանքի ռիթմերը  տանեն հասցնեն ամեն  հայ հոգու: Ահա այսպիսին պիտի լիներ մայրաքաղաք  Երևանի դերը Հայության կյանքում…

 

Համաձա՞յն եք այն մտքի հետ, որ Երևանը անհետանում է` մնալով սերունդների հիշողության մեջ:

 

Այո,  Երևանն իսկապես որ անհետանում է…

Երևանը երեսուն տարի առաջվա ՎԱՐԴԱԳՈՒՅՆ  դեմքով,  թռվռան ու կենարար ավյունով լեցուն   աշխատավոր  «երիտասարդը» չէ: Այսօր նա  մահճին գամված մահամերձ  հիվանդ է, ում   իր «բժիշկ-կառավարիչները»  անվերջ  զարդարելով,   թշերին  կարմրաներկ  ու դիմափոշի քսելով  բոլորին  փորձում են  համոզել որ ամեն բան կարգին է… Երևանը, հատկապես նրա կենտրոնն այսօր գերեզմանոց  է հիշեցնում. Դրսից շքեղ, ներսից…

 

Ի՞նչն է պատճառը, որ սերունդներն իրարից այսքան հեռացել են ու անգամ ամենատարրական հարցերում միակարծիք չեն:

 

Սերունդների,  մարդկանց ու հասարակությունների մոտ կամ հեռու լինելու կարևորագույն  բացահայտիչը  արժեքային համակարգն է: Եվ այս առումով,  այսօր, ավելի քան երբևէ, սերնդները մոտ են իրար,  քանզի մեծամասամբ նույն արժեքների կրողներն են:  Այսօր արդյոք կգտնվի՞ մեկը, ում ամենանվիրական երազանքը բարձր  նյութական բարեկեցությունն ու բարգավաճությունը  չէ,  թե՞ սեփական կարիերան,  հասարակական բարձր դիրք զբաղեցնելն  ու   «հեշտ  կյանքի» ապահովումը  դադարել են  մեծամասնության գերագույն նպատակը  լինելուց …  Էլ չխոսեմ  մեծամասնության  «հոգևոր-մշակութային» կյանքի  ընդհանրությունների  մասին…

 

Ի՞նչ հատկանիշներ կցանկանայիք տեսնել կամ ավելացնել երիտասարդ սերունդի ներկայացուցիչների մոտ:

 

Այսօր, մեր   երիտասարդությունը  պիտի կարողանա հաղթահարել շրջապատում  տիրող գաղափարական  խառնաշփոթը և այդ քաոսից   պեղել  և դուրս հանել միակ ՃՇՄԱՐԻՏԸ:   Այս  խնդրի լուծման համար երիտասարդությունը պիտի  կարողանա ընդլայնել  ԱՇԽԱՐՀԱՃԱՆԱՉՈՂՈՒԹՅԱՆ ԻՐ ՈՒՆԵՑԱԾ  ՍԱՀՄԱՆՆԵՐԸ,  պիտի փորձի ըմբռնել  այս աշխարհի հեղհեղուկության արմատական պատճառները և  պիտի  փորձի կառուցել   աշխարհի այս ինքնասպառված մոդելին հակադիր նոր՝  Ի՛Ր  ՃՇՄԱՐԻՏ  ԱՇԽԱՐՀԸ…

ՀԱՅ  ԵՐԻՏԱՍԱՐԴԸ, եթե ԱՇԽԱՐՀԸ ՎԵՐԱՓՈԽԵԼՈՒ  խնդիր չի դնում  իր առջև, նա կամ հայ չէ, կամ երիտասարդ չէ:

 

Ի՞նչ ֆիլմ/գիրք կարգելեք Ձեր թոռներին դիտել/կարդալ:

 

Այսօր  երեխաները  հազիվ  կարդում են այն, ինչ դպրոցն է հանձնարարում և  Այստեղ խնդիր չեմ տեսնում: Շատ ավելի բարդ է իրավիճակը դիտումների հետ կապված: Երեխաների հետ  միասին  հեռուստացույց  դիտելիս, ես անընդհատ փոխանջատում եմ կանալները, փնտրելով  որևէ  հաղորդում, ֆիլմ, շատ անգամ նաև մուլտ,  որը բացասաբար չի անդրադառնա  նրանց  հոգեկան աշխարհի վրա: Չափազանց դժվար է այդպիսիք գտնել մեր և ոչ միայն մեր  հեռուստաեթերներում:  Եվ քանի խոսք է գնացել, ասեմ նաև, որ մեր մի շարք  հեռուստաընկերությունների գրեթե  բոլոր հաղորդումները կարգելեի դիտել ոչ միայն մանկահասակներին, այլ նաև դեռահասներին, երիտասարդներին, անգամ հասուն տարիքի մարդկանց,  քանզի սրանց հեռարձակած շուրջօրյա,  մարդուն ամեն մարդկայինից կտրող  և նրա մոտ միայն անասնական անհագ ցանկություններ գրգռող  ռիթմերի ուղեկցությամբ անվերջ շարունակվող մերկ մարմինների շքահանդեսները, մեկ նպատակ են հետապնդում.  Մարդուն հիասթափեցնել  բոլոր մարդկային առաքինություններից և սերմանել  կյանքի բոլորովին այլ «արժեքներ»… Տու՛ր ազատություն զգացմունքներիդ, մի՛ մտածիր հետևանքների մասին, ծխիր ու  թմբիրի մեջ ապրիր ուրախ, եթե անգամ մեռնես երիտասարդ, կյանքդ միայն հաճույքներով է իմաստավորված… Կարճ ասած BornToDie…

 

Պատմության մեջ հետք թողած մարդկանցից ու՞մ հետ կցանկանայիք հանդիպել և զրուցել:

 

Յուրաքանչյուր մարդ, ով  ամենուր  համապատասխան մի  «քաղցրահամ մաստակ»  խցկելով  չի փակել արտաքին աշխարհի հետ իրեն կապող բոլոր զգայարանները,  իսկ միտքն էլ զբաղված չէ ունեցած  հեռախոսը մեկ ուրիշով փոխարինելու կամ նման  դատարկ  մտատանջություններով, և ինքն էլ   իրոք «հետք թողածներից» Բան ունի հարցնելու, ապա իմ փորձից ելնելով հավաստեմ, որ այդպիսի հանդիպումներ  միշտ էլ հնարավոր են    յուրաքանչյուրիս հենց այս,  երկրավոր կյանքի ընթացքում…  

 

Հ.Գ. Արտաշես Փափազյանի Facebook-յան հղումը՝ այստեղ, բլոգնյուզյան գրառումները՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել