Հարգելի՛ պարոն Աշոտյան,սույն նամակը հասցեագրում եմ Ձեզ ոչ միայն նրա համար,որ Դուք ՀՀԿԳ նախարարն եք,այլև այն պատճառով,որ մտահոգված և Հայոց աշխարհի խնդիրներով ապրող քաղաքացի եք:Եվ այդ հանգամանքը ինձ թույլ է տալիս անկեղծորեն արտահայտել այն ամենը,ինչ ես մտածում եմ հայ դպրոցի և նրա առջև ծառացած խնդիրներից լրջագույնի՝ուսուցչի աշխատավարձի հարցի շուրջ: Շոյված և շնորհակալ եմ Ձեզ շնորհավորանքի ու ջերմ խոսքերի համար,բայց առավել շոյված ,ուշադրության արժանացած կլինեի (հավատացած եմ՝նաև հանրապետության բոլոր ուսուցիչները) ,եթե ՈՒսուցչի օրվա առթիվ բարձրացնեիք մեր աշխատավարձերը:Մի՞թե հայ ուսուցչին,որը լծված է սերունդ կրթելու խրթին գործին, պատիվ է բերում այսքան չնչին աշխատավարձ:
Սկսեք բարեփոխել հայ դպրոցը նրան պատիվ բերող աշխատավարձով,վստահ եմ՝եթե մեր կրթությամբ մտահոգվողներն ստանան իրենց վայել աշխատավարձ,ապա իրեն հարգող ոչ մի ուսուցիչ չի փորձի դրամահավաքությամբ զբաղվել,նայել աշակերտի ձեռքին(թեև նման երևույթներն էլ ինձ համար անհասկանալի և հույժ պարսավելի են):Այո՛,չեմ ժխտում,այսօրվա դպրոցն ունի բազում ախտեղություններ,բացթողումներ,բայց երբ տեսնում ես մարմնի վերքը,փորձում ես բուժել,գտնել առողջացման ճանապարհն ու ելքը:Խնդրում և դիմում եմ Ձեզ,դպրոցի բարելավման և բարեկարգման ուղիներից մեկն էլ ուսուցչին պատիվ բերող աշխատավարձն է:
Ինչու՞ հայ մանուկը չի երազում ուսուցիչ դառնալ,ինչու՞ է մեր կրթօջախներում գերիշխող իգական սեռը,կարծում եմ ՝պատասխանը ակնհայտ է: Աշակերտի թվաքանակով վարձատրելու եղանակը հայ ուսուցչին դարձրել է ոչ թե ուսման որակ և առաջադիմություն ապահովող,այլ՝աշակերտի թվաքանակ շատացնող և ապահովող:Փոխեք վարձատրման այս կարգն ու ձևը,և հավատացած եմ՝հայոց դպրոցը մեկ-երկու քայլով առաջ կկանգնի: Խնդրում եմ՝եղեք հետևողական,ուսումնասիրեք և քննարկեք այս հարցը,տվեք ճիշտ և արդարացի որոշում:Մի դարձրեք այսօրվա ուսուցչին «մեծապատիվ մուրացկան».նա աշակերտ «փախցնող»,«մուրող» չէ,նա ուսուցանող,կրթող,դաստիարակող և մարդ ձևավորող է : Ապագայի հանդեպ լավատեսությամբ զինված երիտասարդ ուսուցչուհի



