Ամռան վերջին շշուկով խոսակցությունները  պտտվում էին նույն թեմայի շուրջ, թե տունը լավն էր, ընդարձակ էր, պետք է գնել, և Սեպտեմբերի 1ին առաջին կուրս ընդունվելով ես  սեփականատերը դարձա 3սենյականոց բնակարանի, որը գտնվում էր Գյուլբեկյան փողոցում:Դա մի տեղ էր, որն  իր մեջ ամփոփեց իմ ուսանողության 4 տարիները, օրեր՝  անհոգ, երջանիկ, ուրախ ու իրենց նմանը առ այսօր չունեցող:
Տունը շատ արագ դարձավ մարզից եկած տղաների և երևանաբնակ աղջիկների հավաքատեղի, որտեղ իմ ընկերուհիներն ու եղբորս ընկերները անցկացնում էին  ռոմանտիզմով ողողված երեկոներ, մոմերի լույսի տակ, երաժշտության մշտական ուղեկցությամբ, իսկ ալկոհոլից հետո կյանքի  խորը փիլիսոփայական վերլուծությամբ:
Տունը հարմարավետ էր, կահավորված, վերանորոգված, որտեղ երբեք ոչ մի մեծահասակ այդպես էլ չապրեց, որտեղ մի քանի ժամ շարունակ ընկերուհիներով մեխվում էինք խոհանոցի աթոռներին՝ դիտակետ դարձնելով  հանգիստ ու խաղաղ Գյուլբեկյանի անցուդարձը:
Տունը սիրեց ինձ, ես իրեն ավելի շատ:Գիտակցական կյանքիս առավել երջանիկ պահերը անցել են այդ տանը:Իր մեջ ջերմություն կար, հանգստություն, լռության ու աղմուկի ներդաշնակ հավասարություն:
Բոլոր սենյակները սիրելի էին:Հյուրասենյակում դրված էր դաշնամուր, որի վրա ես նվագում էի անկախ նրանից միայնակ էի  թե ընկերների հետ :
Խոհանոցը չնայած փոքր էր, բայց լույսով ողողված:Նրանում միակ տանտիրուհի լինելը խթանում էր ստեղծագործական միտքս, և ես հաճախակի կազմակերպում էի հավաքներ, կամ էլ աղցանների համտեսում ընկերուհիներիս կողմից:
Եղբորս ննջարանը կացարան էր, հյուրանոց, իր բոլոր ընկերների համար:Հյուր գալիս, մենք միայն ճանապարհելիս էինք տեղեկանում, որ նրանք մտադիր էին մեր տանը գիշերել:
Իմ ննջարանը նորաձևության սրահ էր, դասասենյակ, հեռախոսախցիկ:Երկար հայելին իմ ցուցադրությունների ականատեսն էր, այն ամեն առավոտ ինձ ճանապարհում էր դասի, նախապես աչքի անցկացնելով իմ բոլոր հնարավոր "look" երը:
Պատշգամբը ամբողջովին ապակեպատ էր, ողջ օրը արևն այնտեղ խաղում էր դատարկության հետ, իսկ ես սիրում էի այդ դատարկույթունը, և երբեմն այնտեղ նստում ուղղակի վայելելով այն աննման մթնոլորտը:
Տունը ապրեց ինձ հետ 4 տարի:Ես դժվարությամբ հեռացա այնտեղից գիտակցելով, որ այն ես այլևս երբեք չեմ ունենա:Ու թեև հիմա ես ստեղծում եմ իմ երազանքների տունը, բայց և այնպես գիտակցում եմ, որ այն աուրան, որ երբևէ կար մութ տարիներին լույսով ողողված այդ տան մեջ, այլևս երբեք ես չեմ  զգաաա և ունենա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել