Թատրոնն ընդհանրապես սուտ չի հանդուրժում, մանուկ հանդիսատեսը` առավել ևս. Ռուբեն ԲաբայանPanorama.am-ը գրում է.

Այն ամենը, ինչն հանդիպում ենք այսօր և մեզ ջղայնացնում է, մշակույթի պակասից է: Խոսքերը Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԵԹԿՊԻ Դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Բաբայանինն են: Վարպետն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ մի շարք կարևոր հարցերի անդրադարձավ:

Չի կարելի երեխաներին սովորեցնել, երեխան հոգնում է

Թատրոնն ընդհանրապես սուտ չի հանդուրժում, իսկ մանուկ հանդիսատեսը` առավել ևս: Եթե մեծահասակը կարող է հանդուրժել և նստել մինչև վերջ, երեխան շատ ճիշտ և ժամանակին արձագանքում է:

Ճաշակը դժվար հարց է, չի կարելի գռեհկություններ անել, չի կարելի երեխաներին… հիմա կասեմ մի բան` կզարմանաք, սովորեցնել, երեխան հոգնում է: Արվեստում չի կարելի ասել՝ այ սա լավ է, սա վատ: Այդ ամենը պետք է անել արվեստի լեզվով, պետք է երեխաներին սովորեցնել, որ նրանք մեծանան ազատ մտածող մարդիկ: Ազատ երկիրը կարող է բաղկացած լինել միայն ազատ քաղքացիներով, եթե քաղաքացին ազատ չէ, երկիրը չի կարող ազատ լինել:

Բերեմ օրինակ, մեզ մոտ բեմադրված է Հովհաննես Թումանյանի «Անբան Հուռին»`«Հենց այն Հուռին» անունով: Այն մեզ մոտ ոչ ավանդական ձևով է մեկնաբանված, նա ոչ թե անբան է, այլ երազկոտ աղջիկ է, նա պոետ է: Մեկին կյանքը բակ ավլելու շնորհք է տվել, մյուսին` բանաստեղծություն գրելու: Չի կարելի պոետից դժգոհել, թե նա լավ չի ավլում բակը: Ես չեմ կարծում, որ մենք հակասում ենք Թումանյանին, ես նրան շատ եմ սիրում ոչ թե ի պաշտոնե, որ նրա անվան թատրոնի ղեկավարն եմ, այլ նա իսկապես մեծ պոետ և մեծ քաղաքացի է: Թումանյանն իր հեքիաթներում տալիս է ոսկի և տալիս է միայն արժանավորներին: «Անբան Հուռին» միակ հեքիաթն է, որտեղ անբանը ոչինչ չանելու համար ոսկի է ստանում: Երկու մեկնաբանություն կա, կամ նա սխալվել է, ինքն իրեն դավաճանել, կամ շատ ավելի խորն են շերտերը:

Կարևոր է մանկական ներկայացումներում նկարչական ձևավորումը, երեխայի աչքը պետք է գեղեցիկին սովորի: Ինչպես ասում են հղի կինը պիտի լավ երաժշտություն լսի, քանի որ երեխան էլ է լսում: Մենք երբեք չգիտենք, թե ինչ արձագանք կգտնի, բայց մարդուն պետք է շրջապատի գեղեցիկ մթնոլորտը, մենք փորձում ենք դա անել թատրոնում: Ամենակարևոր ու ամենաբարդ բանը մարդկային վերաբերմունքն է, որ հանդիսատեսը հասկանա, որ իրեն սպասում են: Այն բաղկացուցիչ մասերն են, որ կարող են ճաշակ զարգացնել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել