1in.am-ը գրում է.

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը օդանավակայանում դիմավորելու է ԵԽԽՎ պատվիրակության անդամ, իր կուսակից Զարուհի Փոստանջյանին:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ Զարուհի Փոստանջյանին դիմավորելու նախաձեռնությունը երիտասարդներինն է, որին միանում է նաև ինքը, կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, այլ կուսակցություններից ևս կլինեն մարդիկ:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի սկանդալային հարցը, որը վերջինս տվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, մեծ իրարանցում է առաջացրել, և ըստ մամուլի հրապարակումների` ՀՀԿ երիտթևը ցանկություն է հայտնել Զարուհի Փոստանջյանին դիմավորել՝ նրա վրա լոլիկներ և ձվեր նետելով:

Նշենք, որ Զարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հարցրել էր` ճի՞շտ է, որ վերջինս խաղամոլ է և 70 մլն եվրո է տանուլ տվել Եվրոպայում՝ կազինոյում խաղալով:

Կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը տեղյակ չէ` կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը գնալո՞ւ է օդանավակայան՝ Զարուհի Փոստանջյանին դիմավորելու, թե ոչ, սակայն հաստատեց, որ ինքը լինելու է օդանավակայանում:

«Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը «Առաջին լրատվականին» տեղեկացրեց, որ ինքը այսօր երեկոյան մասնակցելու է իր աշակերտուհու հարսանեկան արարողությանը, այդ իսկ պատճառով չի կարող ներկա գտնվել օդանավակայանում:

«Ես չեմ կարող ներկա գտնվել Զարուհուն դիմավորելու այդ արարողությանը, վաղուց է հրավիրված եմ իմ աշակերտուհու հարսանեկան արարողությանը և գնալու եմ այնտեղ, սակայն մեծ հաճույքով իմ մեքենան տրամադրել եմ երիտասարդներին, որ գնան և դիմավորեն տիկին Փոստանջյանին»,- ասաց Անահիտ Բախշյանը, և հավելեց, որ Զարուհուն չի կարող դիմավորել նաև կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը, քանի որ քաղաքում չէ:

Նշենք նաև, որ Facebook սոցիալական ցանցում ստեղծվել է խումբ՝ «Ես գնում եմ Զարուհի Փոստանջյանին դիմավորելու»: Արդեն իսկ 210 օգտատեր ցանկություն է հայտնել գնալ օդանավակայան և դիմավորել Զարուհի Փոստանջյանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել