Ռուբեն Բաբայան. Մշակույթը հաղորդվող անոթներ են, չի կարելի դադարեցնել հաղորդակցումը, կարող է տրոմբ առաջանալPanorama.am-ը գրում է.

Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնն այս տարի արդեն բեմադրել է երկու գործ`մեկը մանկական «Ծուղրուղու» ներկայացումն է, մյուսը մեծահասակների համար է նախատեսված  և  ավելի շուտ բանաստեղծություն է, քան ներկայացում` մոնոներկայացում «Ձի»-ն: Այն  արդեն երկու փառատոնի է մասնակցել: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԵԹԿՊԻ Դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Բաբայանը: «Շուտով կհանձնենք «Շունն ու կատուն» և ինչպես միշտ Ամանորի ներկայացում կլինի»,- ասաց նա:

Թատրոնը նոր է վերադարձել Մեծ Բրիտանիայից, որտեղ մասնակցել է «Վորլդ սթրիթ դիզայն» փառատոնին: Փառատոնի բնույթը ժամանակակից հետաքրքիր բեմական լուծումներն են, որին մասնակցել է Նարինե Գրիգորյանի «Թռիչք քաղաքի վրայով» ներկայացումը: Այն փառատոնի շրջանակներում խաղացվել է երկու անգամ: «Եկել էր հայ համայնքը` ամբողջ կազմով, 30 հոգի, ինչը շատ հաճելի էր: Ներկայացումը մեր առանձնացվեց և նշվեց, որ դրանում ոչ միայն բեմական հետաքրքիր լուծումներ էին, այլև փայլուն դերասանական խաղ»,- ասաց նա:

Ռուբեն Բաբայանը հետագա պլանների մասին նախընտրում է չխոսել, ասում է թատրոնում հիմա մի քանի գործեր են եփվում. «Թատրոնը միշտ էքսպերիմենտի հնարավորություն է տալիս: Երբ կհասունան, որ հնարավոր լինի առանց ամաչելու ներկայցնել, կանենք: Յուրաքանչյուր արվեստ պետք է ունենա նաև տապալվելու հնարավորություն: Արվեստի ասպարեզում տապալվելը լավ դպրոց է: Իսկ ինչու չեմ սիրում խոսել նոր գործերի մասին, քանի որ դրանով պարտավորություն ես վերցնում, որ այն պետք է հաջողված լինի: Իսկ ստեղծագործությանը ամենից շատ խանգարում է այդ հաջողվածության պարտավորությունը»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել