Pastino.am-ը գրում է.

Երևանի քաղաքապետարանի կողմից մայիսի 29-ին հայտարարված «Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական ճարտարապետական բաց մրցույթ»-ի մասնակիցներն անհայտ են, իսկ կրքերը` հանդարտված: 

Թե պաշտոնական մարմինները և թե ճարտարապետները չեն շտապում տեղեկություն տրամադրել մրցույթի ընթացքի, ներկայացված հայտերի մասին,թեև ընդամենը 10 օր է մնացել ավարտին: 

Ի վերջո,  հետաքրքիր է,  արտերկրից հայ կամ օտարազգի  ճարտարապետներ կմասնակցե՞ն մրցույթին: Առավելևս, երբ  դեռ հուլիսի 11-ին հենց այս նպատակով Երևանի քաղաքապետարանը «Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական ճարտարապետական բաց մրցույթ»-ի պայմաններում փոփոխություն կատարեց՝ հանելով «հանրապետական» բառը  և այդպիսով վերացնելով օտարերկրյա ճարտարապետների մասնակցությանը վերաբերող արգելքը:  

Մեր այս հարցերին ի պատասխան  Երևանի գլխավոր ճարտարապետի աշխատակազմից պատասխանեցին, որ դեռ առաջարկների մասին վաղ է խոսելը, քանի որ  մրցույթի՝ առաջարկներ ներկայացնելու վերջնաժամկետը հոկտեմբերի 15-ն է, իսկ   մրցույթների պատմությունը ցույց է տալիս, որ առաջարկները վերջնաժամկետից առնվազն մեկ-երկու օր առաջ են ներկայացվում: 

Ինչ վերաբերում է մասնակցային կազմին, ապա քաղաքապետարանից որևէ տեղեկատվություն չկարողացանք ստանալ, հետևյալ  պարզաբանմամբ՝ «քանի դեռ ճարտարապետներն արվեստանոցներում աշխատում են և չեն ներկայացրել իրենց առաջարկները, մասնակիցների  վերաբերյալ տեղեկատվություն տալ հնարավոր չէ,  իսկ հոկտեմբերի 15-ից հետո դեռևս միայն  մասնակիցների թիվը հայտնի կլինի, քանի որ առաջարկները ներկայացվում են փակ ծրարներով, որոնք մրցույթի պայմանների համաձայն՝  մրցութային հանձնաժողովը կամփոփի նոյեմբերի 5-ին»: Օտարերկրացիների մասնակցության վերաբերյալ ևս առայժմ տեղեկատվություն չկա, բացի այն, որ դեռ հուլիսին Երևանի քաղաքապետարան էին դիմել արտերկրյա մի շարք ճարտարապետներ՝ խնդրելով Երևանի քաղաքապետարանի կողմից Հանրապետության հրապարակի ճարտարապետական բաց նախագծային մրցույթի համար հայտարարված պայմաններից հանել մասնակիցների քաղաքացիությանը վերաբերող սահմանափակումները, որպեսզի նրանք նույնպես հնարավորություն ունենան  մասնակցելու հայտարարված մրցույթին: Այսինքն, մրցույթին մասնակցել ցանկացող օտարերկրացիներ կան և ըստ ամենայնի նրանք առիթը բաց չեն թողնի: 

Ինչ վերաբերում է մրցույթի ժյուրիին,  ապա այն ըստ ներկայացված պայմանների՝ ավելի ուշ՝ նոյեմբերի 5-ին է ձևավորվելու: Բնականաբար, նույն մարդը չի կարող և մրցույթի մասնակից լինել և ժյուրիի անդամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել