« Աստված իմ, ինչ քիչ բան մնաց իրականացնելու երազանքս, ընդամենը մեկ քայլ ու կունենամ այն, ինչ մինչ այժմ չի հաջողվել ունենալ ոչ մի գիտնականի աշխարհում:
Ընդամենը մեկ մոդուլացված հաճախությամբ ազդանշան…»
- Երեխաներին ո՞վ է բերելու մամայիս տանից, ո՞վ է վերջապես զբաղվելու այս տան հարցերով, ո՞ւմ ես պետք որպես գիտնական, որ ինձ այսպես սարքել ես անվի մեջ պտտվող սկյուռի նման, անիմաստ վազվզելով այս կամ այն բանի համար:
- Դե գիտես, որ ես արդեն մոտ եմ, ինձ մնացել է ընդամենը…
- Գիտեմ, զզվե՜լ եմ արդեն, քանի՞ տարի է, որ այսպես տանջում ես ինձ, համբերություն չի մնացել, մնում է կոտրել քո այդ մեքենան, որ վերջապես վերադառնաս երկիր, հասկացիր, տարիները գլորվում են…
- Ես էլ ցանկանում եմ վերադարձնել տարիները, ՛՛Ժամանակի մեքենա՛՛ պատկերացնո՞ւմ ես, կարող ենք ուղղել անցյալի մեր բոլոր սխալները, մարդկությունը կապրի իր երջանկությունը, իսկ դու ասում ես կոտրել:
« Իսկ եթե կոտրի՞, երբ տանը չլինեմ» - մտածեց ու բարձրաձայն ասաց
- Հիմա՛ր:
Կինը, որ իրոք կին էր համբերությամբ լցված բաժակով, արձագանքեց անմիջապես:
Թաց սրբիչը կնոջ ձեռքին բարձրացավ ու իջավ ամուսնու գլխին:
Ամուսինը գլխով հարվածեց իր պատրաստած մեքենային՝ մեքենան աշխատեց:
Ահա, ինքը կանգնած է իր Անցյալի մեջտեղում, մի փոքրիկ ասֆալտապատ հատվածի վրա ու չգիտես ինչու ձեռքին ցախավել է:
Հերթով գալիս անցնում են օրերը, որոնց ուշադրություն չի դարձնում, մեկին ցախավելով ուղղում է աջ, մյուսին ձախ…
Վերջապես եկավ կնոջ հետ ծանոթանալու օրը:
Ցախավելով սեղմեց ասֆալտին, պտտացրեց ու սկսեց ցախավելի կոթով հարվածել, հարվածել, այնքան մինչև կինը ջնջվեց անցյալից:
Հաղթանակած հայացքը երբ բարձրացրեց ասֆալտից՝ տեսավ մի այլ կնոջ, որը ոչ անցյալից էր ոչ էլ ապագայից:
- Ողջո՜ւյն, ես գիտեմ թե դու ով ես և որտեղից, գիտեմ, որ հարցեր ունես, բայց…
Ուշադիր լսիր, քանի որ չես ավարտել քո ՛՛Ժամանակի մեքենան՛՛ կարող ես տալ ընդամենը մեկ և միայն մեկ հարց, կգնաս դեպի Գորիս տանող ճանապարհով, որտեղ որ խափանվի ավտոբուսը, կիջնես կտեսնես մի խարխուլ տուն, դռան մոտ քեզ կսպասի մի պառավ ջադու, կտաս նրան քո հարցը, հիշիր միայն մեկը, որ հարցը որ կընտրես, կստանաս պատասխանը, պարզ է:
- Ինձ մի հարց է մնացել, մոդուլացված ազդանշանի հաճախությունը…
Կինը չկար:
Ցախավելն ընկած էր ոտքերի մոտ, իսկ կողքը մի ավտոբուս էր կանգնած:
… Գորիսի ճանապարհին իրոք ավտոբուսը փչացավ:
Իջավ, ավտոբուսից, նայեց չորս կողմւ, վառեց մի ծխախոտ ու հեռվում տեսավ մի տնակ:
Մոտեցավ, մուտքի մոտ ձեռքերը կրծքին ծալած մի կին էր կանգնած, այնքան գեղեցիկ ու նուրբ դիմագծերով, որ ծխախոտը վայր ընկավ շուրթերից:
- Վերջապես, եկար, շատ լավ ժամանակ ես եկել անցիր ներս, ամուսինս տանը չէ, դու բախտավոր աստղի տակ ես ծնվել:
Հիշեց, որ ունի ընդամենը մեկ հարցի իրավունք ու շրթունքները բացվեցին ինչպես վաղ առավոտյան անընդհատ թակվող դուռը:
- Իսկ ամուսինդ շո՞ւտ կգա…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/StepanUmar/posts/537070999699207
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել