1in.am-ը գրում է.
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի տեղեկություններով՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև գազի գնի բարձրացման վերաբերյալ պայմանագրեր չկան: Հոկտեմբերի 4-ին ԱԺ ճեպազրույցների ժամանակ նա նշեց, որ պայմանագիրը «Գազպրոմի» և «ՀայՌուսգազարդի» միջև է:
Անդրադառնալով ԵԽԽՎ-ում «Ժառանգության» անդամ Զարուհի Փոստանջյանի պահվածքին՝ ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ հարցը պարզապես շահարկվում է, այն չի կարող հավերժ թեմա լինել, մանավանդ որ ցանկացած պատգամավոր ցանկացած ամբիոնից կարող է առաջարկություններ, հայտարարություններ անել:
Կեղտոտ սպիտակեղենի մասին գավառական մոտեցումը Սահակյանի համար ընդունելի չէ, մանավանդ որ շահարկվող թեման քաղաքական չէ: Հարցին՝ ինչպես է վերաբերվում ՀՀԿ երիտասարդական թևի՝ Փոստանջյանին պոմիդորներով դիմավորելու որոշմանը, Սահակյանը նախ պատասխանեց, որ նման տեղեկատվության չի տիրապետում, ապա ասաց, որ դեմ է նման «մեծարանքների»:
Փոստանջյանին ԵԽԽՎ պատվիրակության կազմից դուրս բերելու առթիվ Եվրոպայի կողմից հնարավոր բուռն արձագանքի մասին խոսելիս Սահակյանը նշեց, որ ինքը կարող է քաղաքական իրողությունները մեկնաբանել, սակայն վախ բռնող չէ, չի կարող ասել՝ Եվրոպան ինչ կարող է անել, որ մեր վախը բռնի:
Փոստանջյանին հետ կանչելու հարցը խմբակցությունում չեն քննարկել: Լրագրողների դիտարկմանը ի պատասխան՝ արդյոք Փոստանջյանի պահվածքը դատապարտելի՞ էր, իսկ նրա հասցեին հանրապետականներին հնչեցրած տարբեր մեկնաբանությունները՝ ո՞չ, Սահակյանը նշեց, որ իրենք վիրավորանքի կշիռների առումով չեն գերազանցել Զարուհուն: «Ես կարծում եմ՝ մենք դեռ չենք գերազանցել նրա ասածները, այլ բան է՝ ամբողջ ազգի ինքնությունը վիրավորել, այլ՝ «թուրքի տակը պառկելը»:
Եթե ԵԽԽՎ պատգամավորները ճանաչեին Զարուհուն, այսպիսի աղմուկ չէր բարձրանա: Այստեղ խորհրդարանի պատվի խնդիր է, այնպես չէ, որ պատգամավորը կարող է ասել ինչ ցանկանա»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ ՀՀԿ ԳՄ երեկվա նիստում Փոստանջյանի խոսքերից հետո Եվրոպայի արձագանքի վերաբերյալ որևէ արձագանք ՀՀ նախագահի կողմից չի եղել: