Panorama.am-ը գրում է.
Հիմնական խնդիրները, որ իր առջև դրել էր 1988թ.-ի ղարաբաղյան շարժումը այն է` Ղարաբաղի ազատագրումը և Հայաստանի անկախությունը կյանքի կոչվեցին: Այսօր «Մեդիամաքս»-ի գրասենյակում Ղարաբաղյան շարժման 25-ամյակին նվիրված «Շարժում 1988/25» գրքի շնորհանդեսին ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, Հանրային պալատի նախագահ Վազգեն Մանուկյանը:
«Երբ 1988թ.-ին մենք հավաքվում էինք Իգոր Մուրադյանի տանը, ապա առաջ էինք քաշում Ղարաբաղի, իսկ այնուհետև նաև անկախության խնդիրները: Արդյունքում մենք այսօր ունենք դե-ֆակտո անկախ Արցախ: Իսկ ազատությունը լիարժեք ստացանք»,-նշեց Վ. Մանուկյանը:
Վերջինիս խոսքերով, ղարաբաղյան շարժումը կարելի է բաժանել 2 հիմնական մասի`դա փիլիսոփայական և գաղափարական ալիքն էր, որը ցնցեց ողջ ԽՍՀՄ-ը և «մարդկային գործոնը», այսինքն այն ինչ անում և ասում էին հասարակ մարդիկ: Ըստ Վ. Մանուկյանի, շարժումը, որը իր առաջին ծիլերն է տվել դեռևս խրուշևյան շրջանից 1988թ.-ին հսկայական ազդեցություն ունեցավ խորհրդային միության հետագա փլուզման վրա:
«Այն ժամանակ, երբ Հայաստանում փողոց էին դուրս գալիս հազարավոր մարդիկ Մերձբալթիկայում անցկացվում էին առաջին զգույշ սակավաթիվ ցույցերը: ԽՍՀՄ-ում գրեթե բոլորը վախենում էին մասայական ակցիաների դեմ բիրտ ուժի կիրառումից, իսկ հայ ժողովուրդը թոթափեց այդ վախը, ինչը շատերի համար անհավատալի էր թվում»,-նշեց Վ. Մանուկյանը:
Վերջինիս կարծիքով, շարժումից հետո գլխավոր կորուստը դա երազանքի պակասն է: «Մենք կորցրեցինք մեր երազանքը և դրա հիմնական պատճառներից մեկը այն է, որ մենք չունենք ազատ և արդար ընտրություններ: Եթե 1995-1996թթ.-ին մենք անցկացնեինք նորմալ ընտրություններ` ամեն ինչ այլ կերպ կընթանար»,-նշեց Մանուկյանը:
Իր հերթին, «Մեդիամաքս» լրատվական գործակալության տնօրեն Արա Թադևոսյանը նշեց, որ ներկայումս Հայաստանում մեծանում է մի սերունդ, որը շատ քիչ բան գիտի 1988թ.-ի շարժման մասին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ