Այսօր՝ նոյեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ախուրյան բնակավայրում գործող գազալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել և կա վիրավոր: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Շիրակի մարզային քրեական վարչության պետի պաշտոնակատար Արթուր Ֆիշյանն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ախուրյանի բաժնի պետը: 
 
Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է. գազալցակայանի կոմպրեսատորի պայթյունի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն: 
 
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Ախուրյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 

Տեղում քրեական ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ վիրավորը Շիրակի մարզի բնակիչ 48-ամյա Անատոլի Մ.-ն է: 

Դեպքի մասին ոստիկանության Ախուրյանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել