10 փաստ՝ Արսեն Բալաբեկյանի մասին (Տեսանյութ)Armsport.am-ը գրում է.

Երեւանի «Արարատի» 26-ամյա հարձակվող Արսեն Բալաբեկյանը Հայաստանի Բարձրագույն խմբի փորձառու եւ արդյունավետ խաղացողներից մեկն է: Armsport.am-ը Բալաբեկյանին վերաբերող 10 փաստ է առանձնացրել 

 
1. Արսեն Բալաբեկյանը ծնվել է 1986 թվականի նոյեմբերի 24-ին, Երեւանում: Ֆուտբոլով սկսել է զբաղվել «Էրեբունիում», ապա տեղափոխվել է «Փյունիկի» մարզադպրոց (այն ժամանակ՝ ԵՖԴ): Նոր մարզադպրոցում Բալաբեկյանի հետ սկսել է աշխատել Միշա Զաքարյանը: 
 
2. Արսենը ֆուտբոլային ընտանիքից է: Նրա հայրը՝ Արմեն Բալաբեկյանը, ժամանակին հաջողությամբ հանդես է եկել Աբովյանի «Կոտայքում», ապա՝ «Արարատում»: 
 
3. Պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում, Արսենը ունեցել է չորս ակումբ՝ «Կոտայք», «Բանանց», «Ուլիս» եւ «Արարատ»: 
 
4. Առայժմ, Բալաբելյանի համար լավագույնը կարելի է համարել «Բանանցում»ունեցած ելույթները: 2007 եւ 2008 թվականներին Արսենը դարձել է «Բանանցի» լավագույն ռմբարկուն, իսկ 2007թ. առաջնության ռմբարկուների շարքում նա երկրորդն էր (15 գնդակ): 2007 թվականին Արսեն Բալաբեկյանը բավական գեղեցիկ գոլ խփեց «Արարատ»-«Բանանց» մրցավեճում: Նրա կատարած շրջադարձ հարվածից հետո ծնված գոլը ամենագեղեցիկն էր այդ մրցաշրջանում: 
 
5. Հայաստանի Բարձրագույն խմբի պատմության ընթացքում, Արսեն Բալաբեկյանը 52 գնդակ է ուղարկել մրցակիցների դարպասը: 12 անգամ էլ նա աչքի է ընկել գավաթային խաղերում: Հետաքրքիր է, որ հոբելյանական՝ 50-րդ գնդակը նա խփել է իր ներկայիս թիմի՝ «Արարատի» կազմում, երբ հանդես էր գալիս «Ուլիսում»: Արսենն ունի բոլոր նախադրյալները՝ առաջիկա մրցաշրջաններում «100-ի ակումբը» համալրելու համար: 

6. Արսեն Բալաբեկյանը մեկ անգամ հագել է նաեւ Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը: 2009 թվականին նա մասնակցել է Կիպրոսում կայացած՝ Լատվիայի հետ ընկերական խաղին, որում հաշիվը չբացվեց: Բալաբեկյանը հանդես է եկել նաեւ Հայաստանի երիտասարդական հավաքականում: 

7. Արսեն Բալաբեկյանը բազմիցս աչքի է ընկել՝ փոխարինման դուրս գալուց հետո: Նա եւ Սեմյոն Մուրադյանը, Հայաստանի Բարձրագույն խմբի պատմության ընթացքում, փոխարինման դուրս գալուց հետո ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստներն են: 
8. «Արարատի» շարքերն ամռանը համալրած ֆուտբոլիստը երեք անգամ դարձել է Հայաստանի առաջնության մրցանակակիր եւ երեք դեպքում էլ՝ արժանացել է արծաթե մեդալների: 2007 թվականին Բալաբելյանը նվաճել է Հայաստանի Գավաթը: Այս բոլոր տիտղոսներին Արսենն արժանացել է «Բանանցի» կազմում: 
 
9. Բալաբեկյանին է պատկանում տարիքային մեկ ռեկորդ. նախորդ տարի, նա գերազանցեց Ալեքսանդր Թադևոսյանի ռեկորդային ցուցանիշը, ով Բարձրագույն խմբում հանդես եկած ֆուտբոլիստներից 26 տարեկանում բոլորից շատ խաղ էր անցկացրել (194): Արսենը Բարձրագույն խմբում արդեն 200-ից ավելի հանդիպում է անցկացրել: 
 
10. «Արարատի» դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը եւ Արսեն Բալաբեկյանը 90-ականների վերջում միասին մարզվել են «Փյունիկի» մարզադպրոցում: Դրանից հետո, նրանք շուրջ 15 տարի հանդես են եկել տարբեր ակումբներում, իսկ այս տարվա ամռանն առաջին անգամ դարձան թիմակիցներ մեծ ֆուտբոլում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել