Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին հայտարարել է, որ Եվրոպական միությանն անդամակցելու բանակցությունների մեկնարկը ոչ թե Վրաստանի իշխանությունների իրավասության, այլ հենց Եվրամիության իրավասության մեջ է, և այդ հարցի շուրջ վրացական իշխանությունների հասցեին հնչող մեղադրանքներն աբսուրդ են, այս մասին հայտնում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը՝ մեջբերելով Վրաստանի ԱԳ նախարարի խոսքերը։

«Վրաստանի հետ ԵՄ-ին անդամակցելու բանակցությունների մեկնարկը Եվրամիության, այլ ոչ թե Վրաստանի իրավասությունն է։ Հետևաբար, Վրաստանին մեղադրել անդամակցության գործընթացը կասեցնելու մեջ աբսուրդ է։ ԵՄ-ն տիրապետում է կառույցի ընդլայնման և Վրաստանի անդամակցության հետ կապված բոլոր գործիքներին»,-ասել է Բոչորիշվիլին։ 

Վրաստանի ԱԳ նախարարի խոսքով՝ ԵՄ-ի կողմից կասեցված համագործակցության ծրագրերը որպես պատժիչ գործիք օգտագործելը տխուր իրականություն է Վրաստանի համար։

Վրաստանը Եվրամիությանը անդամակցելու թեկնածու երկիր է: Թբիլիսին իր կարգավիճակը ստացել է 2023 թվականի դեկտեմբերին՝ նախկինում Բրյուսելի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելուց հետո: 2017 թվականից քաղաքացիների համար գործում է առանց վիզայի ռեժիմ: Վրաստանի ինտեգրման գործընթացը շարունակելու համար հայտարարվել է ևս ինը պայման։ Դրանց թվում են բևեռացման հաղթահարումը, օլիգարխիզացիայի վերացումը, ազատ և մրցակցային ընտրությունների ապահովումը և այլն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել