Դեռևս իննսունականներից, ինձ համար մի սկզբունք էի որդեգրել, այն է, երբեք Հայաստանում որևէ գործ չձեռնարկել, ի նկատի ունեմ ՍՊԸ, ՓԲԸ կամ նմանատիպ բաներ, որով կարելի կլիներ գումար վաստակել, տարածվել, ընդլայնել սեփական բիզնեսը և այլն: Բանն այն է, որ երկրաշարժից հետո, եթե հիշում եք, արտագաղթի առաջին հոսքը եղավ, հետո էլ պատերազմն էր, գործարանները չէին աշխատում, մարդիկ գործազուրկ էին, քանդված էր մի ողջ երկրի տնտեսությունն ու հենց այդ ժամանակ, ես մի համարձակ քայլի դիմեցի, որոշեցի սեփական բիզնես հիմնել ու անցա գործի, առաջինը բոդիբիլդինգի և ֆիտնեսի մարզադահլիճն էր, որ հիմնեցի ու քաղաքում գործող նման երկրորդ մարզադահլիճը դարձանք, մեծ հոսք կար, բոլորը ձգտում էին կյանքի գորշ առօրիայից փախնել և ֆիզիկապես «կրթվել»: Հիմնեցի Անհատական Ձեռնարկություն ու էդ տարիներին բնորոշ, մեծ գումարներ ծախսեցի: Կանգ չառա ձեռք բերվածով ու բացեցի խաղասրահ, որտեղ երիտասարդությունն իր ժամանցն էր անցկացնում: Լավ էր ամեն տեսակետից՝ և գումար էի վաստակում և ինչ որ չափով փոխում էի մարդկանց տրամադրությունները: Մարդիկ կային, որ ինձ խելառ էին համարում ու կարծում էին, որ միակ ելքը երկրից փախնելն էր: Ես չփախա:

Բայց ինչպես ընդունված է փողոցում, կուրծք դեմ տվողին է, որ խփելու թիրախ են դարձնում: Փոխվեց արտարադատության նախարարը ու նոր նախարարը գտավ, որ «Անհատական ձեռնարկություն» հասկացողությունը, հակասում է Հայաստանի հանրապետության՝ ինչ որ մեկ այլ օրենքի, ուստի, կամ պետք է լուծարէի ձեռնարկությունը կամ էլ պետք է վերագրանցեի: Վերագրանցելը նույնն էր, ինչ որ ամեն բան նորից սկսելը ու նորից աջ ու ձախ գումարներ շաղ տալը: Եվ եղավ այն, ինչ չարակամորեն կանխագուշակում էին երկրից փախնողները՝ վերջ բիզնեսին: Խնդիրը երկրի մեջ չեր, այլ այդ երկրում բնակվող մարդկանց, ովքեր մեկը մյուսի ճրագն էր մարում՝ սեփական գրպանը լցնելու ինքնակամ որոշումներով: Ես միշտ էլ հավատացած եմ եղել, որ օրենքը բարի է, սակայն՝ վա~յ, եթե այդ օրենքը ենթարկվում էր մանիպուլյացիայի ու ոմանց համար դառնում էր ուրիշներին հարստահարելու միջոց: Այ էդ ժամանակ էր, որ ըստ իս, ծնվեց թաթիկներ, ոտքեր պաչելու, քծնելու քամակ մտնելու համար օճառվելու կամ ճոխ, արքայավայել ընծաներ նվիրելու վատ սովորություններն ու այդ արատները ներծծվեցին ոմանց արյան մեջ՝ դարձնելով նրանց այսօրվա դեգրադացած իշխանական «էլիտայի» նախահայրերը: Չեմ բացառում այն իրողությունը, որ այդ նախահայրեր անվանվածները, սովետական իմպերիալիզմի վիժած պառազիտներն էին, ովքեր ժամանակի «բարենապաստ» կլիմային ադապտանալու համար, տրանսվորմացվեցին իրենց տեսակի և ձևի մեջ: 

Անկախ Հայաստանի քսաներեք տարվա մեջ, ոչ մի հարկային բարեփոխում տեղի չունեցավ, որով կարելի կլիներ քաջալերելու սկսնակ գործարարներին կամ գայթակղել ներդրողներին: Ընդակառակը, այսօր՝ թե Հայսատանն է վանող և թե մեր օրենքները: Չխոսելով այն մարդկանց մասին, ովքեր միլիոններով են մտնում բիզնեսի մեջ, անրադառնում եմ մանր բիզնեսին հասու խավի խնդիրներին, որին  բախվում են որևէ գործ սկսելու ժամանակ:
Գրեթե յուրաքանչյուր սկսնակ գործ, դատապարտված է կռախի՝ սննկացման, իսկ մեր իշխանավորները, ավանակի համառությամբ շարունակում են պնդել, թե հարկային դաշտը բարենպաստ հող է ստեղծում ներդրումների կամ էլ որևէ գործ սկսելու համար:
   Վերջերս մի հոդված էի գրել բազմազավակ ընտանիքների մասին, որում մի քանի առաջարկություն էի կատարել իշխանություններին՝ բազմազավակ ընտանիքներին որոշակի արտոնություններ տալու վերաբերյալ:  Հայաստանում բավականաչափ խոցելի խմբեր կան, հասկանում եմ, որ բոլորին «փրկելն» անհնար է, բայց գոնե կարելի է օգնության ձեռք մեկնել, որ նման խմբերին պատկանող մարդիկ կարողնան սեփական գլխի ճարը տեսնել: Մի բազմազավակ ընտանիք կա, որին ճանաչում եմ: Այս ընտանիքը հնարավորություն ունի լքելու Հայաստանը, նամանավանդ, որ Ռուսաստանում ազգականներ ունեն, ովքեր շատ թե քիչ կայացած են: Հիմա, այս ընտանիքը արդեն տասը տարի է, ինչ հրաժարվում է հայրենիքը լքելու մտքից: Նրանք հրաժարվում են նաև խոստովանելու այն փաստը, որ աղքատ են, սակայն պետությունից ստանում են աղքատության նպաստ: Այդ գումարը, այս ընտանիքի միակ կայուն եկամուտն է, որից թերևս ոչ ոք չեր հրաժարվի: Գումարը չի բավականացնում ընտանիքին, ապրում են գրեթե օրե օր աճող պարտքերի ճնշող ծանրության տակ, ոչ կերածներից են մի բան հասկանում, ոչ հագածներից, իսկ մեր իշխանություններն այսքան բանը չեն հասկանում: Այս մարդիկ, սեփական երկրում իրենց նվաստացած են զգում, երրորդ սորտի մարդ: Թասիբ ունեն, բայց այ աշխատանք չեն գտնում, ո՞րտեղից: Եթե համարձակվեն հերթական պարտքի տակ մտնել ու որևէ մի գործ ձեռնարկել՝ պետությունն անմիջապես զրկելու է աղքատության նպաստից: Թքած այդ նպաստի վրա, եթե գործդ հաջողվի, բայց արի ու տես, որ կարճ ժամանակ անց, էդ գործն էլ է ստվում ու մարդիկ մնում են կրկնապատկված պարտքերի ծանրության տակ:  Երանի, թե պետությունը մի քիչ օգներ, այսինքն չզրկեր նրանց այդքան կարևոր՝ կայուն եկամտից, մի քիչ էլ հարկային արտոնություններ տար նման ընտանիքներին: Ավա~ղ:  Տեսեք, մարդը դիմում է պետ. ռեգիստր, որպեսզի անհատ ձեռներց գրանցվի, որ մի գործ սկսի, բայց պետ. ռեգիստրի աշխատակիցը, հարց ու փորձ կաարելուց հետո, տեղեկանալով որ բազմազավակ ընտանիքի հայր է, հրաժարվում է գրանցելուց՝ մարդուն առաջարկելով ժամանակ վերցնել՝ ծանր ու թեթև անելու համար: Բնականաբար, դա գալիս է աշխատակցի խղճից ու հասկացողությունից, բայց, ի՞նչ ճար ունի այդ պաշտոնյան, երբ իր լիազորությունները սահմանափակված են օրեքով: Հիմա, իսկապես անելանելի մի իրավիճակ է ստեղծվում: Մարդը, երկու կողմից հայտնվում է մամլիչ քարերի արանքում՝ ողորմության ակնկալիքով, ձեռքը պետության քմահաճույքին մեկնած, կամ էլ  պետք է ամեն գնով, աղքատության անեծքը հաղթահարելու հաստատակամություն դրսևորի: Արդյո՞ք այս երկիրը կարիք ունի դեմոգրաֆիայի խնդիր լուծող  ընտանիքների, թե ոչ:
Հայաստանում, օրե օր ավելանում են վարձակալության տրվող շինությունների քանակը, իսկ փակված բիզնեսը գերակայում է նոր ստեղծվածների քանակին: Սա էլ հայաստանյան իրականության խճանկարից լոկ մեկ պատկեր: Հետևությո՞ւն, դա էլ թողնում եմ ձեզ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել