1in.am-ը գրում է.
Բելգիայի իշխանություններն ԱՄՆ-ին են հանձնել «Ալ-Քաիդայի» թունիսցի ակտիվ անդամ Նիզար Տրաբելսիին, ով 2001 թվականին՝ Ուսամա բեն Լադենի հետ հանդիպումից հետո, ահաբեկչություն էր ծրագրել Եվրոպայում ՆԱՏՕ-ի ռազմաբազայում: Ինչպես հայտնել է ԱՄՆ արդարադատության նախարարությունը, Տրաբելսին արտահանձնվել է 10-ամյա բանտարկությունից հետո և այժմ կկանգնի ամերիկյան դատարանի առջև: Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը:
ԱՄՆ-ում 43-ամյա թունիսցուն սպառնում է ցմահ ազատազրկում՝ ամերիկացի զինծառայողների վրա մահափորձի նախապատրաստման և ահաբեկչական կազմակերպությանն աջակցելու համար: Հատուկ ծառայությունների տվյալներով՝ նա «Ալ-Քաիդայի» առաջնորդին հանդիպել է 2001-ի սկզբին՝ Կանդահարում (Աֆղանստան), և նրանից հրահանգներ ստացել:
Նա սկսել է նախապատրաստվել, սակայն սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից օրեր անց ձերբակալվել է:
Բելգիայի իշխանությունները նրան հանձնել են ԱՄՆ-ին պայմանով, որ նրան կդատի քաղաքացիական դատարանը, ոչ թե զինվորականը, և որ նա չի դատապարտվի մահապատժի:
Նշենք, որ թունիսցին մինչ այդ եղել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ և Գերմանիայում հանդես է եկել «Ֆորտունա» ակումբից: