Emedia.am-ը գրում է.

Եվրապարտատոմսերի թողարկումը հնարավորություն կտա Հայաստանին տարեկան 18 մլն դոլար խնայել պետական պարտքի սպասարկման համար։ Այս մասին հոկտեմբերի 3–ի Կառավարության նիստում հայտնեց ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը։

Պարտատոմսերը ձեռք են բերել 152 ներդրողներ, 42 տոկոս ներդրումներ են արվել ԱՄՆ–ից, 23 տոկոս Մեծ Բրիտանիայից և 17 տոկոս՝ մայրցամաքային Եվրոպայից։ Ներդրումների աշխարհագրությունը լայն է՝ ամբողջ աշխարհի ֆինանսական կենտրոններից։

Վերջնական պահանջարկը կազմել է 2 մլրդ 700 մլն դոլար, սակայն հայտերը հատել են 3 մլրդ դոլարի սահմանը։

Նիստում որոշման նախագիծ հաստատվեց, որով որոշվեց պարտատոմսերի թողարկումից ստացված գումարների տեղաբաշխման ուղղությունները։

Առաջին կետով նախատեսվում է, որ ստացված գումարներով պետք է մարվի Ռուսատանից ստացված 500 մլն դոլար վարկի մայր գումարը և մինչ վարման օրը կուտակված տոկոսները, որը կկազմի շուրջ 450 մլն դրամ գումար։ Հաջորդ կետով փոքր և միջին բիզնեսի վարկավորման նպատակով Կենտրոնական Բանկին կհատկացվի 60 մլրդ դրամ գումարի չափով միջոցներ մինչև 7 տարի ժամկետով 7 տոկոս տոսկոսադրույքով։ 3, 9 մլրդ դրամ գումար հատկացնելու է «Փոքր և միջին ձեռնարկությունների ներդրումներ» վարկային կազմակերպությանը, որն այսօր 11–12 տոկոսով վարկեր է տրամադրում նորարար և այլ բիզնես ձեռնարկություններին։

Բացի այդ նախատեսվում է 1.9 մլրդ դրամ հատկացնել արտահանման մեխանիզմների կառավարմանը։ Մնացած 29 մլրդ դրամ գումարն առաջարկվում է ուղղել պետական պարտքի կառավարմանը, ներքին և արտաքին պարտքում որոշ փոփոխություններին, որն ըստ հաշվարկների ենթադրում է, որ կարող ենք պարտատոմսերի շուկայում նվազեցնել տոկոսադրույքները, որը բարենպաստ միջավայր է ստեղվելու բիզնեսի համար։

Վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց, որ որոշ ընդդիմախոսներ կասկածներ ունեն պարտատոմսերի թողարկման հետ կապված, փորձում են սևացնել այս գործընթացը, այդ իսկ պատճառով պետք է հրապարակային պարզաբանումներ լինեն գործընթացների հետ կապված։

«Մենք վարձել ենք աշխարհի լավագույն իրավաբանական կազմակերպություններից մեկին, որն ունի մեծ հեղինակություն և օգնել է մեզ, որ այս գործընթացը համապատասխանի միջազգային լավագույն չափանիշներին։ Տեղաբաշխումը ևս իրականացրել են աշխարհի հայտնի կազմակերպությունները, տեղաբաշխումն իրականացրել ենք լավագույն պահին»,–ավելացրեց Կառավարության ղեկավարը։

Ըստ վարպաչետի՝ այսկերպ հնարավոր է 7 տարիների կտրվածքով բարելավվել մեր վճարային հաշվեկշռի, կանխիկ հոսքերի վիճակը, ինչպես նաև 2013թ–ի բյուջեի կատարողականի առումով ստանալ դրական իրավիճակ։

«Մենք միջազգային ֆինանսական կառուցներից արդեն ստացել ենք դրական եզրակացության այս գործարքի համար։ Այսուհետ 100–ից ավելի ներդրողներ հետևելու են մեր երկրի մակրոտնտեսական զարգացումներին»,–ավելացրեց Տիգրան Սարգսյանը։

Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը տեղեկացրեց, որ այս պարտատոմսերը թողարկելու համար եղել են մի քանի պատճառներ, նախ թողարկման համար ստեղված նպաստավոր վիճակը, մասնավոր հատվածի կարիքը և այլևս արտոնյալ վարկեր ստանալու խնդիրը։

«Եթե պետությունը այդ շուկայում միջոցներ չի գտնում, մասնավորի համար տոկոսադրույքները ցածր են լինում և պայմանները վատ, այս միջոցով նրանք հնարավորություն կունենան իրենց բիզնեսի համար լավ պայմաններով գումարներ ներգրավվել»,–ավելացրեց նախարարը։

Բացի դրանից Հայաստանն արդեն համարվում է զարգացող երկիր, հետևաբար արտոնյալ պայմաններով վարկերն առաջիկա 3–5 տարինների ընթացքում այլևս չենք ստանա։ Ըստ Սարգսյանի՝ սա ենթադրում է, որ զարգացող երկիրն ինքն իրեն պետք է գումարներ ներգրավվի իր տնտեսության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել