Cosmo.am-ը գրում է.
Քեզ ծանոթ է այդ երևույթն, այնպես չէ՞. ասես մշուշում լինես, դժվար ես կողմնորոշվում, անտրամադիր ես: Փորձենք պարզել, թե ինչու է դա պատահում հենց դաշտանից առաջ և ինչպես պայքարել այդ թուլության դեմ:
Դաշտանին նախորդող շաբաթն այնքան էլ հաճելի չէ: Պատճառը նախադաշտանային սինդրոմն է, որն արտահայտվում է տարբեր նշաններով՝ փքվածություն, լարվածություն, ախորժակի ակտիվացում: Սակայն քեզ, թերևս, ծանոթ են նաև հոգեհուզական բնույթի փոփոխությունները, որոնք դու գուցե չես էլ կապում դաշտանիհետ: Դրանք կապված են հորմոնային ֆոնի փոփոխության հետ: «Շատ կանայք այդ օրերին ընկճվածություն ենզգում,- պարզաբանում է գիտությունների դոկտոր Սառա Գոթֆրիդը,- նրանց կարելի է հեշտությամբ հունից հանել, նրանք հակված են սթրեսների, դառնում են մոռացկոտ ու անվճռական»:
Նախադաշտանային սինդրոմի ժամանակ հորմոնները կտրուկ տատանումների են ենթարկվում, ինչն իր հերթին ուղեղում փոփոխում է այն քիմիական նյութերի բաղադրությունը, որոնք պատասխանատու են հավասարակշռված վարքի ու սթափ գիտակցության համար: Կտրուկ բարձրանում է սթրեսի հորմոն կորտիզոլի քանակը և, ընդհակառակը, իջնում է հանգստացնող հորմոնների քանակն օրգանիզմում: Իջնում է նաև սերոտոնինի մակարդակը, որը կարգավորում է հիշողությունը և նոր գիտելիք ձեռք բերելու ունակությունը: Արդյունքում՝ նույնիսկ ամենապարզ հանձնարարությունների իրականացումը դառնում է իսկական փորձություն:
Ինչևէ, անհանգստանալու կարիք չկա: Կարելի է պայքարել նախադաշտանային թուլության դեմ և հանգիստ անցկացնել դաշտանին նախորդող օրերը:
1. Ուրախություն մտցրու առօրյա կյանքում
Գրի առ դաշտանին նախորդող շաբաթվա գործերը և ավելացրու մեկ-երկու իրադարձություն, որոնք ենթադրումեն բարձր տրամադրություն և սթափ գիտակցություն. օրինակ` ընթրիք ծնողներիդ հետ, հանդիպում ղեկավարիդ հետ, օգնություն ընկերուհուդ նախահարսանեկան պատրաստություններում: Այնուհետև՝ հանիր այդ ցանկից այն բոլոր գործերը, որոնք կարելի է հետաձգել: Դա կօգնի պահպանել ուժերդ և առանց ավելորդ լարվածությանկենտրոնանալ կարևոր հանդիպումների վրա:
2. Մի բաժակ կապուչինո…
Կոֆեինի տեղին չափաբաժինը կանխում է ուղեղի «մշուշումը» կարևոր հեռախոսազանգից կամ հանդիպումից առաջ: Այնուամենայնիվ, աշխատիր չչարաշահել. առավելագույնը 3 գավաթ օրվա ընթացքում, ոչ ավելի:
3. Ծիծաղ…
Համակարգչիդ մեջ ներբեռնիր զվարճալի հոլովակներ և դիտիր, երբ զգում ես, որ «մշուշը» մոտենում է: Լիաթոք ծիծաղը կտրուկ բարձրացնում է սերոտոնինի քանակն օրգանիզմում, օգնում լիցքաթափվել: Ուստի, եթե որևէ խնդիր կա, հետաձգիր դրա լուծումը որոշ ժամանակով. գուցե սիրած կատակերգուի ելույթը դիտելուց հետո այն արդեն այնքան էլ անլուծելի չթվա:
4. Երաժշտություն…
Կանադացի գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երաժշտությունն ակտիվացնում է էնդորֆինի արտադրությունը (վերջինս օգնում է դիմադրել սթրեսին): Սակայն, ուշադրություն դարձրու բարձրությանը. նույն ուսումնասիրությունները նաև ցույց են տվել, որ չափից դուրս բարձր երաժշտությունը միայն ավելացնում է լարվածությունը:
5. Խնդրիր սիրելիիդ մերսել մեջքդ
Մերսումը հաճելի է և օգնում է ֆիզիկապես լիցքաթափվել: Սակայն վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ մերսումն օգնում է նաև սթափ դատել` իջեցնելով կորտիզոլի մակարդակը և ակտիվացնելով էնդորֆինի արտադրությունը: Եթե չես կարող հաճախակի սպա սրահներ այցելել, խնդրիր սիրելիիդ վերցնել թենիսի գնդակը և գլորել այն մեջքիդ առավել լարված հատվածներով (ցույց են տրված նկարում): Ինչու հենց գնդակո՞վ. այն կօգնի հասցնել տնային մերսումը սրահային մակարդակի:
6. Տնային մարզումներ
Մարզասրահ հասնելն ու մարզահագուստ կրելը նախադաշտանային օրերին բարդ «առաքելություն» է: Ուստի մի կողմ թող այդ գաղափարը: Փոխարենը՝ համացանցից ներբեռնիր յոգայի պարապմունքների տեսահոլովակներ և գործի անցիր սեփական բնակարանում` հենց ներքնազգեստով: Ֆիզիկական ակտիվությունն օգնում է բարձրացնել էնդորֆինի քանակն օրգանիզմում` ակտիվացնելով ուղեղի աշխատանքը: Ընդամենը 30 րոպե մարզվելուց հետո զգալի տարբերություն կզգաս:
7. Եվս մեկ անգամ օրգազմի մասին
Ինչպես վկայում են ուսումնասիրությունները, օրգազմի շնորհիվ ակտիվանում է օքսիտոցին հորմոնիարտադրությունը, որն օգնում է կայունացնել մեզ այնքան անհրաժեշտ սերոտոնինի քանակն օրգանիզմում: Ակնարկիր սիրելիիդ, որ այդ շաբաթ առավել ուշադրության ու քնքշանքի կարիք ունես, կամ ինքդ նախաձեռնիր անմոռանալի գիշեր:
8. Վարսակի շիլա
Սննդակարգումդ ավելացրու սերոտոնինի արտադրությունը խթանող մթերք, օրինակ` վարսակ, կաթ և հատապտուղներ, և ավելի լավ կդիմադրես նախադաշտանային սինդրոմին: Ահա շատ արդյունավետ և միաժամանակ համեղ բաղադրատոմս. եռացրու ցածր յուղայնությամբ կաթ և ջուր, ապա մի փոքր աղ ավելացրու: Այնուհետև հեղուկի մեջ լցրու վարսակ, հատապտուղներ, թուլացրու կրակը և եփիր մոտ 20 րոպե: Շիլանզարդարիր մանրացրած ընկույզով: