1in.am-ը գրում է.

Հայաստանի Գրողների միությունը տիղմով է լցվել: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԳՄ անդամ, բանաստեղծ, գրականագետ Արտեմ Հարությունյանը` հավելելով, որ ԳՄ-ն արտահայտում է հասարակության դեմքը:

«Շատերն այնտեղ չեն հասկանում` ինչ է գրականությունը: Սպիտակ թուղթը նրանց գրգռում է, և նրանք էլ սկսում են գրե՞լ, ինչ է: 

Նման քանակի մարդկանց ԳՄ չի կարելի ընդունել, ես միշտ եմ դա ասել: Գրելու համար մարդուն սոցիալական, անձնական շարժառիթներ են պետք: Միաժամանակ, ԳՄ-ն վերջին շրջանում վատ չի աշխատել, եթե մանավանդ հաշվի առնենք հանգամանքը, թե ի դեմս չորս հարյուր «գրողների»՝ ինչ ժառանգություն էր ստացել ԳՄ նախագահ Լևոն Անանյանը»,- ասաց նա:

Արտեմ Հարությունյանի խոսքով՝ ԳՄ նախագահի ընտրության նախաշեմին Հովիկ Հովեյանն այլևս ծխամորճով է ման գալիս` իմանալով, որ ԳՄ-ում ազատ տեղ կա: «Ինչ վրաբերում է Ռազմիկ Դավոյանին, ապա նա կործանեց Գրողների միությունը, բացի դրանից՝ վերջին քսան տարիներին նա ոչինչ չի գրել: Մերուժան Տեր-Գուլանյանն էլ ծխամորճատեր է և ձգտում է հայ գրականության պոդվալային հարկը»,- ասաց Հարությունյանը` ավելացնելով, որ ԳՄ նախագահը պետք է լինի կիրթ, մշակութային դեմք և ամենակարևորը` ծխամորճը ձեռքին ման չգա այնպես, ասես ինքն է ամեն ինչի կենտրոնը: 

«Նրանից, ով կդառնա ԳՄ նախագահ, ես պահանջում եմ ինքնուրույնություն, գրական բարձր ճաշակ, շփման հմտություն»,- ասաց պոետը:

Արտեմ Հարությունյանը կարծիք հայտնեց, որ իսկական գրողը խոսքի ուժով` իր իսկ սենյակից, կարող է պայթեցնել մի ամբողջ հասարակարգ, և բոլորովին էլ պարտադիր չէ, որ նա հրապարակներում բարձրագոչ հայտարարություններ անի:

Ասուլիսի մյուս բանախոս, ԳՄ անդամ, գրաքննադատ Սուրիկ Աբրահամյանն էլ իր հերթին նկատեց, որ այսօրվա գրողներն ինքնաբավ են, և այդ ինքնաբավությունից պետք է ազատվել: «Պատեհապաշտին ու իսկական գրողին պետք է միմյանցից զանազանենք»,- նշեց նա:

Սուրիկ Աբրահամյանի խոսքով՝ ԳՄ նախագահը պետք է լինի գրական գործընթացների ակտիվ մասնակից, կազմակերպչական ջիղ ունեցող մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել