1in.am-ը գրում է.

Եկել է Հայաստանի ապագայի համար կարևոր որոշում կայացնելու ժամանակը: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Երջանիկ Աբգարյանը` անդրադառնալով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության թեմային:

«Իշխանությունները չորս տարի զբաղվել է Խոր և համապարփակ առևտրի գոտու համաձայնագրին միանալու գործով, սակայն անձնական դրդապատճառներով քաղաքական կուրսը միանգամից փոխվեց: Առայժմ մենք համեմատելու ոչինչ չունենք, սակայն միանշանակ է, որ ԵՄ-ն մեզ համար ավելի նախընտրելի է: 

Մյուս կողմից, չափազանց կանխագուշակելի է, որ Մաքսային միությունը չի ստեղծվելու: Վստահ եմ, որ գործ ունենք բացառապես քաղաքական գործոնի հետ` Հայաստանին ամբողջովին ենթարկելու Ռուսաստանին` սկսած հեռուսատատեսությունից, տնտեսությունից մինչև ամենատարբեր ոլորտներ»,- ասաց նա:

Երջանիկ Աբգարյանի խոսքով՝ ինքը չի հավատում Սերժ Սարգսյանի վրա ռուսական կողմի ճնշումներին: «Ինչո՞ւ ճնշել մի մարդու, որն իրեն համարում է Ռուսաստանի մարդը, ընդունում Ռուսաստանի ծառայության մեդալը: Այնպես որ, Սերժ Սարգսյանը չի ստում, երբ ասում է, որ իր վրա ոչ մի ճնշում չի եղել: Միաժամանակ բացառում եմ, որ Վիլնյուսում Հայաստանը Ասոցացման համաձայնագիր ստորագրի: Մարդկանց չորս տարի մատների վրա խաղացրել են, ի՞նչ Ասոցացման համաձայնագրի ստորագրման մասին է խոսքը»,- ասաց նա:

Ամփոփելով` քաղաքական գործիչը նկատեց, որ Սերժ Սարգսյանն իրավունք չուներ միանձնյա որոշում կայացնելու ՄՄ-ի առումով: «Ժողովրդի շահերը բացարձակապես հաշվի չեն առնվում: Մենք մեզ սովորեցրել ենք վազել ռուսի հետևից»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել