ԱՄՆ-ն կոչ է անում Ռուսաստանին վերացնել վրաց-հարավօսական սահմանի արգելապատնեշներըPanarmenian.net-ը գրում է.

ԱՄՆ-ն գտնում է, որ Ռուսաստանը պետք է վերացնի վրաց-հարավօսական սահմանի պատնեշները, լրագրողներին է հայտարարել պետքարտուղարության ներկայացուցիչ Մարի Հարֆը:

Վրացական կողմը մինչ այդ պահանջել էր Հարավային Օսեթիայի իշխանություններից ու Ռուսաստանի սահմանապահներից դադարեցնել փշալարի տեղադրումը սահմանին:

«Մենք տեսել ենք հաղորդագրությունները վարչական սահմանին պատնեշների տեղադրման վերաբերյալ: Այդ գործողությունները հակասում են Ռուսաստանի պարտավորություններին ու խախտում են Վրաստանի ինքնիշխանությունը՝ վնասելով կողմերի հարաբերություններին: Մենք կոչ ենք անելու Ռուսաստանին վերացնել արգելապատնեշները»,-ասել է Հարֆը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի անկախությունը 2008 թ. օգոստոսի վերջում, Ցխինվալի դեմ Վրաստանի զինված ագրեսիայից հետո: Ի պատասխան Թբիլիսին խզեց դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի հետ և երկու հանրապետությունները հայտարարեց գրավյալ տարածքներ: 2008 թվականի հոկտեմբերի 1-ից շուրջ 200 քաղաքացիական դիտորդներ վերահսկում են կողմերի ստորագրած համաձայնությունների կատարումը:

Վրաստանի և Հարավային Օսեթիայի սահմանի երկարությունը մոտ 350 կմ է: Ըստ 2009 թ. ապրիլին ստորագրած միջպետական համաձայնագրի, Ցխինվալը ռուսական կողմին է հանձնում պետսահմանի պաշտպանության լիազորությունները, քանի դեռ Հարավային Օսեթիան չունի սահմանապահ ծառայություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել