Մանիպուլյացիաների, իրարամերժ հայտարարությունների և գործողությունների հիմքում կանգնած են այսօրվա իշխանությունները: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
Այսօրվա իշխանությունները բերել են այնպիսի մի վիճակի, որը որ կասկածի տակ է դնում մեր հայրենիքի, վերջին՝ 2018 թվականից սկսած, և ներկան և նաև ապագան:
Օհանյանի խոսքով՝ չնայած իշխանությունները ներկայացնում են նախագծերը վառ ու դրական գույներով, իրականում այս նախագծերի քննարկումը կապված է անվտանգության և կանխարգելման հարցերի հետ։ Նա նաև ընդգծեց, որ Հայոց ցեղասպանությունը առանձնահատուկ է, որի ընթացքում կատարվել է բոլոր տեսակի հանցագործությունների հաջորդականություն։
«Եվ այսօր Ձեր իշխանության վտանգից ելնելով է, որ բերել ու ներկայացնում ենք այս նախագիծը, որովհետև իրականում Ցեղասպանությունը ձեր իշխանության օրոք շարունակվեց Արցախի նկատմամբ։ Արցախի բռնատեղահանմամբ ցեղասպանություն իրականացվեց Ադրբեջանի կողմից, և այսօր և Թուրքիան, և թուրք-ադրբեջանական տանդեմը փոխանակ հայտնվեն մեղադրյալի վիճակում, մեղադրյալի հանցագործի վիճակում, դարձել են մեղադրող կողմ»,- ասաց նա:
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավարը հիշեցրեց նաև ազգային անվտանգության ռազմավարության 4.25 կետը՝ ըստ որի Հայաստանը պարտավոր է կանխել Արցախի ժողովրդի բռնագաղթը, և քննադատեց իշխանության անգործությունը այդ ուղղությամբ։
Վերջում Օհանյանը կոչ արեց նախագծերը գնահատել առանց էմոցիաների՝ անվտանգության տեսանկյունից և առաջարկեց համապատասխան, խիստ պատժամիջոցներ ներմուծել այնպիսի արարքների համար, որոնց հնարավորությունը, ըստ նրա, «իրականում շատ մեծ է»։
Նշենք, որ Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ներկայացրել է օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկվում է խստացնել և հստակեցնել Քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածը։
Այն վերաբերում է ցեղասպանությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների հերքմանը, արդարացմանը կամ դրանց վտանգավորության նսեմացմանը։ Նախագծի հեղինակները շեշտում են, որ այս կարգավորումը երբևէ չի կիրառվել, թեև հրապարակային հայտարարություններ բազմիցս հնչել են։
Նախաձեռնության նպատակը Հայոց ցեղասպանության, ՀՀ-ի կողմից պաշտոնապես ճանաչված և միջազգային մակարդակով հաստատված ցեղասպանությունների հերքումը քրեական պատասխանատվության հստակ հիմք դարձնելն է։ Կառավարությունը նախագծին տվել է բացասական եզրակացություն, սակայն խմբակցությունը հայտարարել է, որ պատրաստ է քննարկումների ընթացքում կատարելագործել այն:



