Armenian-soccer.com-ը գրում է.
Հոկտեմբերի 8-ին մինչև 19 տարեկանների ՀՀ ազգային հավաքականը մեկնելու է Լեհաստան, որտեղ Ռումինիայի, Լեհաստանի և Լիտվայի իր հասակակիցների հետ դժվարին պայքարում կփորձի ձեռք բերել էլիտ ռաունդի ուղեգիր:
Երկու օր անց՝ հոկտեմբերի 10-ին, ՀՀ երիտասարդական հավաքականը Երեւանի «Հրազդան» մարզադաշտում,ժամը 21-ին Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում կընդունի Ֆրանսիայի ընտրանուն: Երկրպագուների մուտք մարզադաշտ ազատ է:
Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 19-ին, ՀՀ ազգային հավաքականը ուժերը կչափի Բուլղարիայի ազգային հավաքականի հետ՝ եզրափակելով 2014թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի տնային հանդիպումների շարքը: Այս մրցամարտը կկայանա Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Հանդիպման տոմսերը վաճառվում են «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղերում, «Հյումել» եւ «Երեւան սիթի» խանութների ցանցերում:
Հոկտեմբերի 14-ին և 15-ին կրկին ասպարեզ դուրս կգան ՀՀ երիտասարդական և ազգային հավաքականները: Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 18 -ին, Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Ռաֆայել Նազարյանի սաներն ուժերը կչափեն Ղազախստանի երիտասարդական հավաքականի հետ, իսկ մեկ օր անց Իտալիայի Նեապոլ քաղաքում՝ «ՍանՊաոլո» մարզադաշտում, Երեւանի ժամանակով ժամը 22.45-ին Իտալիայի ազգային հավաքականը կընդունի ՀՀ ազգային ընտրանուն:
Հոկտեմբերի 16-ին մինչև 15 տարեկանների ՀՀ ազգային հավաքականը կմեկնի Շվեյցարիա, որտեղ անցկացվելու է 2014թ. ամառային պատանեկան օլիմպիական խաղերի ընտրական մրցաշարը:Այստեղ ՀՀ ընտրանու մրցակիցները կլինեն Ֆինլանդիայի, Իսլանդիայի և Մոլդովայի հավաքականները:
Ի վերջո հոկտեմբերի 24-29-ը Երեւանում տեղի կունենա մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության 7-րդ խմբի ընտրական մրցաշարը: Այս ստուգատեսին կմասնակցենՀՀ, Անգլիայի, Իռլանդիայի եւ Ջիբրալթարի պատանեկան հավաքականները:
Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 15-ին, Ավանի ՀՖՖ տեխնիկական կենտրոնի՝ ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում մինչեւ 17 տարեկանների ՀՀ ազգային հավաքականը կմրցի Անգլիայի իրենց հասակակիցների ընտրանու հետ:Նույն օրը՝ ժամը 17-ին, Երեւանի Վ.Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմրցեն Իռլանդիայի և Ջիբրալթարի հավաքականները:
2-րդ տուրում՝ հոկտեմբերի 26-ին, Ջիբրալթարի և Անգլիայի ընտրանիները ժամը 15-ին միմյանց կհանդիպեն ՀՖՖ տեխնիկական կենտրոնի՝ ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում, իսկ ՀՀ և Իռլանդիան՝ հավաքականները ժամը 17-ին՝ Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
Եզրափակիչ՝3-րդ տուրում հոկտեմբերի 29-ին՝ ժամը 15-ին, մինչև 17 տարեկանների ՀՀ եւ Ջիբրալթարի հավաքականները կմրցեն ՀՖՖ տեխնիկական կենտրոնի՝ ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում, իսկ Իռլանդիայի եւ Անգլիայի ընտրանիները՝ Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: