Norkhosq.net-ը գրում է.

Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ և Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների քաղաքական արդի զարգացումների համատեքստում

 Սեպտեմբերի 25-ին Գերմանիայի Բոխում քաղաքում ցուցադրվեց Սարդարապատ շարժման և Նախախորհրդարանի հիմնադիր անդամ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանի «Արմին Թ. Վեգներ: Ցեղասպանության լուսանկարիչը» փաստագրական ֆիլմը: Ֆիլմի ներկայացման ու Արմին Թ. Վեգները, Կայսերական Գերմանիան և Հայոց ցեղասպանությունը թեման գերմանացի և այլազգի մտավորականների հետ Բոխում համալսարանական քաղաքումքննարկելու համար անվանի ռեժիսորին Բոխում էին հրավիրել «Քվերենբուրգ գրադարանի ընկերներ» (Համալսարանական կենտրոնի գրադարան) կազմակերպությունը, «Արմին Թ. Վեգներ ընկերությունը» և Գերմանիայի «Հայ Ակադեմիականների Միություն-1860» գիտամշակութային միությունը: Ֆիլմի ցուցադրման համար իր դահլիճը սիրով տրամադրել էր Բոխումի պատմության կենտրոնական արխիվը: Միջոցառումը հովանավորվում էր «Եվրոպայի Հայերի Համագումար»ի կողմից:

Խզմալյանի այս ֆիլմը արդեն թարգմանվել է բազում լեզուներով: Այն 2012 թ. Եվրոպայի Հայերի  Համագումարի կողմից (պատասխանատու` Ժիրայր Խաջավյան) թարգմանվեց նաև գերմաներենի և ցուցադրվեց Քյոլնում և Մայնի Ֆրանկֆուրտում: Այնպես որ ֆիլմն արդեն մեծ արձագանք էր գտել Գերմանիայում, որի վառ ապացույցն էր Բոխումի լեցուն դահլիճը: Բոխում կատարած հայ մտավորականի այցին և քաղաքային արխիվի փաստագրական ֆիլմերի դահլիճում ֆիլմի ցուցադրմանն ու քննարկմանը լայնորեն արձագանքեցին քաղաքային ու մարզային թերթերը (Westdeutsche Allgemeine Zeitung, WAZ 19.09.2013, 25.09.2013; Ruhr Nachrichten 24.09.2013 և այլն), ինչպես նաև Բոխումի ռադիոն (Radio Bochum -98.5, 25.09.2013) և համացանցային բազմաթիվ լրատվամիջոցներ: Ցուցադրմանն ու դրան հաջորդող քննարկմանը ներկա էին Բոխումի և Հյուսիս-Հռենոսյան Վեստֆալիայի զանազան քաղաքներից ժամանած հայ, գերմանացի, լեհ, ռուս, պարսիկ, ասորի, պաղեստինցի արաբ, քուրդ, լազ, դերսիմցի և հրեա մտավորականներ, ինչպես նաև հյուրեր Հայաստանից և Բելգիայից:

ձախից. Ուլրիխ Քլան, Ազատ Օրդուխանյան, Տիգրան Խզմալյան

Երեկոյի բացումը կատարեց Արմին Թ. Վեգներ ընկերության նախագահ Ուլրիխ Քլանը:

Ֆիլմն ավելին քան հուզիչ է: Այն պատմում է գերմանացի զինվորական բուժաշխատող, լիրիկ, գրող-հրապարակախոս և լուսանկարիչ Արմին Թ. Վեգների մասին: Հայոց Ցեղասպանության ականատեսն ու հայ ժողովրդի իրավունքների պաշտպանը չնայած Օսմանյան կայսրության արգելքներին, վտանգելով իր կյանքը, լուսանկարում է հայ ժողովրդի դաժան ոչնչացման տեսարանները և ինչպես ինքն է գրում, <<ուզում է իր լուսանկարներով գոնե ինչ որ չափով օգտակար լինել հայ ազգին>>:

Ֆիլմը ցուցադրում է Արմին Թ. Վեգների լուսանկարները, որոնք այս ցեղասպանության անհերքելի փաստարկներն են: Ֆիլմում ընթերցվում են նաև գերմանացի գործչի հայտնի բաց նամակն ամերիկյան նախագահին, թեմային առնչվող նրա գրական աշխատանքները… Ռեժիսորի գնահատմամբ Արմին Թ. Վեգների գործունեությունն անգնահատելի է հայ ժողովրդի համար:

«Արմին Թ. Վեգները փրկեց Գերմանիայի և ողջ աշխարհի պատիվը: Ես ստեղծել եմ այս ֆիլմը ոչ թե հայերի այլ Գերմանիայի և ողջ աշխարհի համար: Արմին Թ. Վեգները, Ֆրանց Վերֆելը, Յոհաննես Լեփսիուսը փրկեցին իրենց սերունդը»- ասում է Տիգրան Խզմալյանը ֆիլմի ցուցադրումից հետո: Ֆիլմում հնչում է Արամ Խաչատրյանի հանրահայտ երաժշտությունը: Այս առումով ռեժիսորն ասում է- «Արամ Խաչատրյանի երաժշտությունը պատասխանն է հայերի, որ հայերը վերապրեցին:»

Ֆիլմից հետո հյուրերը վայելեցին Կոմիտասի «Կռունկը» Հայաստանի Հանրապետությունից ժամանած ջութակահարուհի և երգչուհի Անի Պիվազյանի փայլուն կատարմամբ:

-Սա այն տխուր մեղեդին էր, որը հայոց ցեղասպանության զոհերն ու վերապրողները հաճախ երգում էին,- դահլիճին մեկնաբանում է Խզմալյանը:

Ֆիլմը իրոք ցնցեց հյուրերին: Շատերը չէին կարողանում զսպել արցունքները: Ազդվելով ֆիլմում ներկայացվող սահմռկեցուցիչ տեսարաններից, գերմանահայ ներկաներից ոչ ոք ֆիլմից հետո չկարողացավ ստանձնել թարգմանչի գործը: Հյուրերը ստիպված էին ռեժիսորի հետ քննարկումներները վարել անգլերենով :

«Ես չեմ ընդունում գերմանական մեղք հասկացությունը,-ասում է ռեժիտորը, սա մեծ հոգեբանական խնդիր է: Սա բարոյական խնդիր է: Դա շատ ցավագին է ընդունվում գերմանացիների կողմից, որովհետև նրանք գիտակցում են իրենց դերը: Ես նախընտրում եմ խոսել ոչ թե գերմանական մեղքի մասին, այլ այն մարդկանց, ովքեր փրկեցին Գերմանիայի պատիվը»:

Տիգրան Խզմալյանը խոսեց նաև Ադրբեջանի կողմից իրականացված բարբարոտության մասին: «Գենոցիդը կրկնվեց այն պարզ պատճառով, որ մենք հայ ենք: Մինչ այդ ես չէի հասկանում, թէ ինչ է հայ լինելը: Հասկացա, որ ես էլ կարող էի սպանվել»: Այն հարցին, թե կգա արդյոք այդ օրը, երբ աշխարհի հեռուստատեսությունը կցուցադրի Վեգների մասին ֆիլմը, ռեժիսորը պատասխանեց` «Այդ օրը եկել է: Կառավարությունը կորցրել է մենաշնորհը տեղեկատվության վրա: Մենք անցնում ենք հեռուստատեսային դարից համացանցային դար: Նայում են այն, ինչ ուզում են և այնտեղ, որտեղ ուզում են: Ֆիլմն ապրում է իր սեփական կյանքով:»

Տխուր երեկոն ավարտվեց լավատեսական նոտայով. Անի Պիվազյանը գերմաներենով կատարեց Շտրաուսի «Mein Herr Marquis»-ը: Այս շնորհակալական կատարումը նվիրվեց Վեգների հիշատակին:

Սեպտեմբերի 27-ին Տ. Խզմալյանի երկու այլ ֆիլմեր`<<Արարատ-73>> և <<Շախմատը կամ արքայի մահը>> ցուցադրվեցին Համբուրուրգում, որոնց ցուցադրումը համատեղ կազմակերպել էին <<Կիլիկիա>> Հայ երիտասարդական միությունն ու Համբուրգի Հայ համայնքը: Ֆիլմերի դիտումից հետո հանդիսատեսները սկայպի կապով մտերմիկ զրույց ունեցան այս օրերին Փարիզում գտնվող կինոռեժիսորի հետ:

Զինա Գյուրջյան-Վայլլանտի հարցազրույցը Տիգրան Խզմալյանի հետ

 Այժմ Տիգրան Խզմալյանը պատրաստում է իր հաջորդ «Թագուհիներ հայոց» ֆիլմը, որը կներկայացնի հայ կանանց կերպարները պատմության մեջ: Այս առիթով նա պատմաբան Ազատ Օրդուխանյանի ուղեկցությամբ այցելեց Քյոլնի Սուրբ Պանթալիոն եկեղեցում ննջող, ազգությամբ հայ, 10-րդ դարի Գերմանայի թագուհի Թեոֆանուի գերեզմանը, ով իր իմաստուն քաղաքականությամբ մեծ դեր է խաղացել Գերմանիայի և առհասարակ Եվրոպայի պատմության մեջ:

Այն հարցին, թե որն է իր նկարահանած ֆիլմերից իր համար ամենահարազատը, նա պատասխանեց,- «Այն ինչ հիմա եմ անում: Կանայք ցանկացած ազգի մեջ վերնախավ են: Բայց, քանի որ մենք յուրահատուկ ազգ ենք, մեր կանայք եզակի երևույթ են»:

Ֆիլմը պատրաստ կլինի արդեն 2013-ի վերջին: Հավանական է Տիգրան Խզմալյանի այցը Գերմանիա 2014 թվականին, այս անգամ, բնականաբար, հայ կնոջը մեծարող իր նոր ֆիլմով:

Զինա Գյուրջյան-Վայլլանտ

Բախում, Գերմանիա

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել