1in.am-ը գրում է.

Ստրասբուրգում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացնելով ԵԽ նախարարների խորհուրդը նախագահող Հայաստանը՝ ելույթ ունեցավ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստում: Նա ներկայացրեց Հայաստանի առջև ծառացած խնդիրներն ու արտաքին մարտահրավերները, ապա պատասխանեց ԵԽԽՎ անդամ պետությունների պատվիրակությունների ներկայացուցիչների հարցերին: 

Ինչպեսև ենթադրվում էր, հարցերի մեծ մասը վերաբերում էին Հայաստանի՝ արտաքին քաղաքական վեկտորում վերջերս կատարած ընտրությանը: ԵԽԽՎ ամբիոնից եվրոպացի պատգամավորներից մեկն ակնարկեց, որ ՌԴ-ն ճնշումներ է բանեցրել Հայաստանի նկատմամբ՝ անվտանգության բաղադրիչով և ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ունեցած դերակատարությամբ, ապա բառացիորեն հարցրեց. «Ստացե՞լ եք արդյոք ՌԴ-ից այնպիսի մի առաջարկ, որը չեք կարողացել մերժել»:

Ի պատասխան` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ Հայաստանն իր ուղուց չի շեղվել, Մաքսային միությունը ՌԴ չէ: Ի դեպ, ՀՀ նախագահն ասաց, որ ԵՄ-ի հետ իրենց բանակցությունների սկզբից իրենց գործընկերներին ասել են, որ իրենց քաղաքականությունը շահերի համադրման, ոչ թե հակադրման մեջ է: Եվ ՀՀ գործընկերները համաձայնել են՝ ասելով, որ Արևելյան գործընկերությունն ուղղված չէ որևէ այլ երկրի, կառույցի դեմ, և որ ԱԳ-ն մշտապես կարող է փոխլրացնել այլ կառույցների կողմից տարվող աշխատանքը: 

«Հիմա էլ մենք պատրաստ ենք ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրել, բայց մեր հայտարարությունից հետո Եվրոպական հանձնաժողովի մեր գործընկերներն ասացին, որ հակասություն կա ՄՄ-ի և Ազատ առևտրի պայմանագրի միջև: Մենք առաջարկեցինք Ասոցացման համաձայնագիրը ստորագրել, որը հիմնական քաղաքական բարեփոխումներ էր ենթադրում: Մենք վճռական ենք այդ բարեփոխումներն իրականացնելու հարցում. հիմա այդ գործընթացն է գնում: 

Ճնշումների մասին խոսելն ավելորդ է, չեմ կարող հրապարակավ ոչ ճշմարտությունն ասել. ՌԴ, ՄՄ որևէ պաշտոնյա կես բառ անգամ չի ասել ՀՀ անդամակցության անհրաժեշտության մասին, մենք ենք այդ ցանկությունը հայտնել՝ ելնելով պարզ իրողությունից. 20 տարուց ավելի գտնվում ենք ռազմական անվտանգության մի համակարգում, որի բաղկացուցիչ մասերն են այն պետությունները, որոնք ձևավորել են Մաքսային միությունը, և մենք չենք կարող մեկուսանալ աշխարհատնտեսական այն տարածքից, որի հետ 20 տարի համագործակցում ենք: Մենք շարունակելու ենք սերտ համագործակցությունը ԵՄ-ի հետ. մեր ցանկությունը դա է»,- ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

ԵԽԽՎ ամբիոնից եվրոպացի մեկ այլ պատգամավորի 
հարցին ի պատասխան՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել Ասոցացման համաձայնագիրը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ համաձայնագիրը երկու դեմքով է հանդես գալիս՝ ԱՀ և Ազատ առևտրի պայմանագիր: Ըստ նրա՝ հիմնական փաստաթուղթը Ասոցացման համաձայնագիրն է, և ՀՀ-ն օգտվում է այդ համաձայնագրի դրույթներից և բանակցային գործընթացից: 

«Մենք ցանկանում ենք լինել Վիլնյուսում և ստորագրել Ասոցացման համաձայնագիրը»,- հստակ նշեց Սերժ Սարգսյանը:

Օրեր առաջ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը տեղեկացրել էր, որ հարց է ուղղելու Սերժ Սարգսյանին, և նա պետք է պատասխան տա իր անպատասխանատու քայլերի համար: Այսօր պատգամավորը հարց ուղղեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նրա խոսքով՝ հայտնի է, որ Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահի աթոռը զբաղեցրել է կազմակերպված հանցագործության՝ գողության հետևանքով, որի արդյունքում ԵԽԽՎ ամբիոնից նա չի կարող ներկայացնել հայ ժողովրդի կամքն ու իրավունքը, ուստի որոշել է այլ հարց տալ: 

Զարուհի Փոստանջյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացնելով որպես հայտնի խաղամոլ՝ հարցրեց, թե ճի՞շտ են արդյոք այն տեղեկությունները, որ նա վերջերս Եվրոպայի կազինոներից մեկում 70 մլն եվրո գումար է կորցրել:

Ի պատասխան՝ Սերժ Սարգսյանն ասաց, որ խորապես համոզված է, որ ներկայացնում է հայ ժողովրդին, և հպարտ է: «Ձեր ասածը՝ կապված կազինոյի հետ, Ձեր հերթական երևակայության արդյունքն է: Ես երբեք չեմ եղել Եվրոպայի որևէ կազինոյում, ես չեմ խաղում կազինոներում: Ցավոք սրտի, հնարավորություն չունեմ տնօրինելու 70 մլն եվրո գումար: Եթե ունենայի, ապա մի մասը Ձեզ կնվիրեի, որ Ձեր մեջ չարություն չկուտակվեր: Հաշվեք, թե ես Ձեզ չեմ պատասխանել»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Անդրադառնալով ԼՂ հակամարտությանն ու ստանալով թեմային առնչվող հարցեր՝ ՀՀ նախագահը պատասխանեց, որ կողմերի միջև վստահության մթնոլորտ կստեղծվի այն դեպքում, երբ դադարեցվեն սպառնալիքներ հնչեցվել, որովհետև եթե երկրի առաջին դեմքը սպառնալիքներ է հնչեցնում, հանրության մեծ մասը կրկնում է այդ սպառնալիքը, ուստի որևէ խոսակցություն չի ստացվում ո՛չ Խորհրդարանական վեհաժողովի պատգամավորների, ո՛չ մտավորականների և ո՛չ էլ որևէ մակարդակում: «Նպաստեք ստեղծել վստահության մթնոլորտ, պահանջեք մեզնից յուրաքանչյուրից կատարել իր հանձնառությունները»,- նշեց Սերժ Սարգսյանը: 

Վերջինս հիշեցրեց, որ տևական բանակցային գործընթացից հետո 2007թ. ԵԱՀԿ Մինսկի խումբը կողմերին առաջարկեց փաստաթուղթ, որը կոչվեց Մադրիդյան սկզբունքներ: Այդ փաստաթուղթը ենթադրում է հակամարտության լուծում երեք սկզբունքների հիման վրա՝ ուժի և դրա սպառնալիքի չկիրառում, ժողովուրդների ինքնորոշման իրավունք և պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքներ: 

«Մենք հայտարարեցինք, որ հնարավոր ենք համարում այս սկզբունքների հիման վրա լուծել հակամարտությունը, որոշ դադարից հետո նրանք ևս հայտարարեցին, որ այդ սկզբունքների հիման վրա կարելի է լուծել հակամարտությունը: 2011թ. ամռանը կարծիք կար, որ կողմերը պատրաստ են ստորագրելու հիմնարար սկզբունքների մասին փաստաթուղթը, և մենք գնացինք Կազան, որպեսզի հերթական հանդիպման ժամանակ ի մի բերենք և վավերացնենք այդ փաստաթուղթը, բայց ես այն ժամանակ ելույթ ունեցա այս ամբիոնից՝ ասելով, որ խիստ կասկածում եմ, թե մեր գործընկերները պատրաստ են փաստաթղթի ստորագրմանը, թեև միջազգային հանրությունն այլ կարծիք ուներ: Ես ճիշտ դուրս եկա: Դրանից հետո ադրբեջանցիները սկսեցին արհեստական խոչընդոտներ ստեղծել: 

Մենք մնացել ենք մեր կարծիքին՝ երեք սկզբունքների համաժամանակյա կիրառման և փոխզիջումների հիման վրա պատրաստ ենք խնդիրը լուծել, ցանկանում ենք կայունություն»,- ասաց Սերժ Սարգսյանը: 

Վերջինիս խոսքով՝ ՀՀ-ն և ՀՀ ԶՈՒ-ն հանդիսանում են ԼՂ ժողովրդի անվտանգության երաշխավորը, ուստի ինքը հայտարարում է, որ եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի ԼՂ-ի դեմ, ապա ՀՀ-ն իր կարողությունների ամբողջությամբ պաշտպանելու է ԼՂ-ն: 

«Պետք չէ ռազմական գործողություններ սկսել ու բողոքել օկուպացիայից: Հիմա էլ Ադրբեջանը մեզ սպառնում է ռազմական գործողություններով: Վստահ եմ, որ եթե այդպիսի գործողություններ լինեն, ապա մի քանի ամիս հետո ադրբեջանցիները բողոքելու են ոչ թե 20, այլ 25-30 տոկոս օկուպացիայից: Պետք չէ ռազմական գործողություններ սկսել»,- ասաց նա:

Լիտվայի պատվիրակության ներկայացուցիչներից մեկի հարցին ի պատասխան՝ Սերժ Սարգսյանն ասաց, որ հանրաքվեի անցկացման հարցը մշտապես քննարկվել է քաղաքական ուժերի կողմից, բայց անկեղծ չի լինի, եթե ասի, որ ընդդիմադիր բոլոր ուժերի հետ այդ հարցը խորապես քննարկվել է:

«Մի պարզ հանգամանք կա՝ ՀՀ Սահմանադրությունը ՀՀ նախագահին է վերապահում արտաքին քաղաքականության իրականացումը: Առանձնահատկությունն այն է, որ միջազգային պայմանագրերը գալու են ԱԺ, որտեղ ներկայացված են ՀՀ բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Եթե ՀՀ-ն չի վավերացրել այն փաստաթղթերը, որոնք ստորագրել է ՀՀ նախագահը, այդ ժամանակ արդեն կարելի է գնալ այլ տարբերակների, հրաժարվել ինչ- որ քաղաքականությունից: 

Ես համոզված եմ, որ ՄՄ-ին անդամակցումը բխում է նաև քաղաքական ուժերի շահերից, որովհետև մեր ժողովրդի շահերից է բխում, մենք հազարավոր թելերով ենք կապված ՄՄ անդամ երկրների հետ: Վիլնյուսում ԱՀ ստորագրելու հետ համաձայն է մեր հանրության մեծ մասը, մենք ուսումնասիրություններ ենք անցկացնում, և չեմ կարծում, որ հանրաքվեի կարիք այսօր կա: Մեր ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ մեր կայացրած որոշումը բխում է Հայաստանի շահերից և մեծ մասի ցանկությունն է»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել