Emedia.am-ը գրում է.
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն ՄԱԿ-ի Գագաթաժողովի ժամանակ հայտարարել է, որ Իրանի միջուկային ռազմական ծրագիրը չի դադարեցվել՝ Հասան Ռոուհանիի իշխանության գլուխ գալուց հետո:
«Իրանը ոչ թե խաղաղ միջուկային ծրագիր ունի, այլ ռազմական»,- հայտարարել է Նեթանյահուն և հավելել, որ Իրանը 2012թ-ին հարստացրել է երեք տոննա ուրան՝ մինչև 3,5 տոկոսի, և ստեղծել է հազարավոր ցենտրիֆուգեր, այդ թվում նաև գերժամանակակից: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Իսրայելի վարչապետի խոսքով՝ Ռոուհանիի և նախկին նախագահ Ահմադինեժադի տարբերությունը կայանում է նրանում, որ Ահմադինեժադը «գայլ է եղել գայլի մորթու մեջ», իսկ Ռոուհանին՝ «գայլ է գառան մորթու մեջ»:
Նա նշել է, որ Իրանին զսպելու միակ միջոցը պատժամիջոցների կիրառման շարունակությունն է:
Նշենք, որ Ռոուհանին ՄԱԿ-ի Գագաթաժողովի ժամանակ իր ելույթում վստահեցրել էր, որ շատ շուտով կհամոզի միջազգային հանրությանը Իրանի միջուկային ծրագրի խաղաղ լինելու փաստը: