Tert.am-ը գրում է.
Փաշինյանի ուղերձը խոստովանություն էր Վաշինգտոնյան գործընթացի տապալման մասին: Այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
«Ինչու՞։
1. Ադրբեջանի հետ «հարատև խաղաղության» հաստատման ու «կոնֆլիկտի էջը փակելու» մասին հայտարարություններից ընդամենը մի քանի օր անց Փաշինյանը, քաջ գիտակցելով, որ այդ հայտարարությունները թողնում են տպավորություն, որ այլևս ավարտված է մեր ժողովրդի ու երկրի հաշվին նոր զիջումներ իրականացնելու փուլը, ստիպված էր ուղիղ եթերում խոստովանել, որ դեռևս կան ադրբեջանական նոր պահանջներ, որոնց կատարման շուրջ ինքն այժմ բանակցում է: Հենց այդ նոր զիջումներին նախապատրաստելու համար էին հայտարարությունները, որ մեր վերահսկողության տակ դեռևս կան ադրբեջանական տարածքներ: Այսինքն՝ Փաշինյանը, իր իսկ խոսքերով, «դարի պայմանագիրը» նախաստորագրելուց ընդամենը ժամեր անց ստիպված էր հայտարարել, որ դրանով մեր զիջումները չեն ավարտվում:
2. Ավելին, Փաշինյանն, ըստ էության, հայտարարեց, որ ադրբեջանական զորքերը դուրս չեն գալու օկուպացված տարածքներից: Մինչդեռ ընդամենը մի քանի ամիս առաջ վարչախմբի ներկայացուցիչները հայտարարում էին, որ այդ հարցը լուծվելու է սահմանազատման ու սահմանագծման շրջանակներում: Սակայն, հայտարարելով, որ հայկական վերահսկողության տակ կան ադրբեջանական տարածքներ, Փաշինյանը փակեց ադրբեջանական զորքերի դուրս բերման հարցը՝ դուռ բացելով նոր տարածքային զիջումներ համար:
3. Չնայած իրականացված տեղեկատվական ահաբեկչությանը, չնայած Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ հարցեր բարձրաձայնողներին «պատերազմ տենչողներ» պիտակավորելուն ու սեփական ժողովրդին նոր պատերազմով սպառնալուն, Փաշինյանը ստիպված էր խոստովանել, որ հանրությանը խաբել, խոշոր հաշվով, չի ստացվել, և մարդիկ տալիս են պարզ հարցեր՝ «ինչպե՞ս ենք խաղաղություն հաստատում, երբ
- մեր գերիները չեն վերադարձել,
- երբ ադրբեջանական զորքը ՀՀ տարածքում է,
- երբ չի քննարկվում Արցախի հայերի իրավունքների հարցը, որից էլ ծագել է այս ամբողջ հակամարտությունը»:
Սրանք ամենաբնական հարցերն են, որոնք առաջինն են առաջանում մարդկանց մտքերում, երբ հայտարարում են, որ բացվել է «խաղաղության դարաշրջան»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:



