Հնդկաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ այժմ կսահմանվի 25-տոկոսանոց մաքսատուրք, չորեքշաբթի Truth Social սոցիալական ցանցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Հիշե՛ք, որ չնայած Հնդկաստանը մեր բարեկամն է, մենք տարիներ շարունակ համեմատաբար քիչ գործարքներ ենք կնքել նրանց հետ, քանի որ նրանց մաքսատուրքերը չափազանց բարձր են՝ աշխարհում ամենաբարձրերից, և նրանք ունեն ցանկացած երկրի համեմատ ամենախիստ և անտանելի ոչ դրամական առևտրային արգելքները», - գրել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը հավելել է, որ Հնդկաստանը միշտ իր ռազմական տեխնիկայի մեծ մասը գնել է Ռուսաստանից և «Ռուսաստանի ամենամեծ էներգակիրների գնորդն է՝ Չինաստանի հետ միասին, մինչդեռ բոլորը ցանկանում են, որ Ռուսաստանը դադարեցնի սպանությունները Ուկրաինայում, իսկ այդ ամենը լավ չէ»։

ԱՄՆ նախագահը հավելել է, որ օգոստոսի 1-ից Հնդկաստանը ԱՄՆ-ին կվճարի ներմուծման 25-տոկոսանոց մաքսատուրք՝ «գումարած վերը նշվածի համար տուգանքը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել