Այստեղ հարցը Գուրգեն Մարգարյանի "հերոսի" կոչումը չէ, նա հերոս է այնքանով, որ նվիրաբար ծառայել է իր հայրենիքին, իր ժողովրդին ու պետությանը, եղել է պրոֆեսիոնալ իր գործում, լավ գործընկեր, օրինակելի ու բոլորի կողմից սիրված հասարակության անդամ: Գուրգեն Մարգարյանի կիսանդրին հուշարձան է ոչ այնքան նրա հերոսության, որքան խորհրդանիշ է աշխարհի ստորության, մի բան, որի մասին մոռանալը շատ վտանգավոր է: Եթե այդ ստորությունը չլիներ, բոլոր թուրքերն էլ որ հավաքվեին, երբեվե չպիտի կարողանային անել այն, ինչ արեցին՝ հանցագործին նախ պաշտպանել բոլոր հնարավոր միջոցներով, հետո ազատել, բերել Բաքու, պարգևատրել, հերոսացնել, վարձատրել և այլն: Այս ամբողջը տեղի է ունենում ողջ աշխարհի թողտվությամբ:
Ցավոք կամ բարեբախտաբար, հայերիս վրա կա դրված մի ծանր բեռ կամ ազնվական առաքելություն աշխարհին լույս ու բարություն հասցնելու: Պատմության դասերից մենք բազմիցս համոզվել ենք, որ երբ այս առաքելությունը անտեսում ենք՝ նախ ինքներս ենք տուժում ու շատ ծանր փորձությունների առաջ ենք կանգնում:
Ես ինձ հաշիվ տալիս եմ, որ գրածս կարող է թողնել բարձրագոչ խոսքերի տպավորություն: Բայց մեկ այլ բան էլ գիտեմ, որ ցանկացած հայ իր հոգու խորքում այսպիսի մտորումներ մեկ անգամ չէ, որ ունեցել է, ու եթե նա տարված չի եղել ինքնախաբեությամբ, ապա շատ հաճախ այդ հայի խղճմտանքը նրան բերել կանգնեցրել է աշխարհի մաքրության համար պատասխանատվության գիտակցման առջև:
Այս առումով Գուրգեն Մարգարյանի կիսանդրու տեղադրումը անրհաժեշտություն է և հիշեցում է թե մեծերին, և թե փոքրերին առ այն, որ քիչ ավելի պակաս զբաղվենք դատարկ բաներով և ավելի շատ անդրադառնանք այն հարցին, թե ի՞նչ արեցինք մենք, որ աշխարհն այս աստիճան չստորանար, որ մարդկայինության դեմ այսպիսի բարձիթողի հանցագործության մասնակից չդառնար:



