Էսօր ուզում եմ խոսել բուհերի ապարատուրաների մասին: Բնագիտական ուղղվածություն ունեցող ու էմպիրիկ դասապատրաստմամբ բուհերը Հայաստանում դատապարտված են երևակայական դասընթացների ու նվազագույն տեխպատրաստվածության: Հստակեցնեմ, կխոսեմ թե՛ ԵՊՀ-ի, թե՛ ՀՊԲՀ-ի, թե՛ մեր ՝ ՀԱԱՀ-ի անունից: Խոսքս հումանիտար առարկաների մասին չէ. անհրաժեշտ ողջ սարքավորումները ՝ գրատախտակը, մեր նրբանկատ ռեկտորատների կողմից միշտ ապահովվում է: Դու միանգամից ես հասկանում , որ ապարդյուն չեն քո՝ նվազագույնը 5 տարի վճարած  միլիոնները:  Կենսաբանական առարկաների մեծամասնության համար անհրաժեշտ սարքավորումները բոլոր վերոնշյալ բուհերում կամ չկան, կամ իրենց մեջ կրում են ԽՍՀՄ ողջ գաղափարախոսությունը: Անտիկ են, ոչ թե հին: Ինչ խոսք, հիանալի են աշխատում, պարզապես միկրոկենսաբանության դասերի համար անհրաժեշտ իրերը մանրէազերծող սարքավորումն ինքնին պետք է մանրէազերծ լինի, ինչը այդ սարքավորման ՝ նախապապիս տարիքի լինելու պատճառով, հնարավոր չէ: Չի կարելի մետաղի վրայից քերել հազարամյակների ՝ սնկային բնույթի "հիշողությունները: "
  Բուհերում հիանալի կադրեր են աշխատում ու միաժամանակ իրենց կենսափորձը հավուր պատշաճի փոխանցելու հնարավորություններ չունեն: Առաջանում է հարց. ու՞ր են գնում մեր վճարած բոլոր գումարները, եթե ո՛չ դասախոսներն են արժանի վարձատրվում, ոչ բուհերն են տեխպատրաստված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել