
NEWS.am-ի զրուցակիցն է Հայ Առաքելական Եկեղեցու Գեղարքունիքի թեմի Սևանավանքի վանահայր Տեր Մինաս ավագ քահանա Մարտիրոսյանը, ով 2020 թվականի օգոստոսին Սևանավանքում մկրտել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կրտսեր դստերը՝ Արփիին:
Օրհնեցեք, Տե՛ր Հայր:
-Աստված օրհնի:
Տեր Մինաս, Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ վերջին շրջանում ծավալվող իրադարձությունների ֆոնին արդյոք նվազե՞լ է Սևանավանք այցելող հավատացյալների թիվը:
-Իհարկե ոչ, այս ամենը որևէ կերպ չի ազդում հավատացյալների հավատի, հավատքի, եկեղեցական կյանքի վրա, ընդհակառակը՝ որոշ մարդիկ ավելի են ակտիվացել, ավելի հաճախ են միանում մեր աղոթքներին:
Արդյո՞ք հավատացյալները, որոնք լսել են Փաշինյանի՝ Վեհափառին ուղղված մեղադրանքները, դիմում են ձեզ՝ փորձելով հասկանալ իրավիճակն ու Ձեր կարծիքն իմանալ:
-Մեր հավատացյալներն ավելի կարևոր խնդիրներով են դիմում, սակայն նման հարցերով անհանգստացողներ ևս կան: Մարդիկ հետաքրքրվում են, թե եկեղեցին ի՞նչ պատասխան կտա այս կամ այն երևույթին: Ես նրանց հետևյալ պատասխանն եմ տալիս. եթե մարդը եկեղեցու զավակ է, նա պետք է եկեղեցու ներսում եղած որևէ թերություն, սխալ կամ մեղք չհրապարակի աշխարհով մեկ, այդ թվում անհավատների առաջ, այլ պետք է ձգտի այդ հարցերը լուծել եկեղեցու ներսում: Որովհետև ընտանիքի զավակը երբեք չի ցանկանա, որ իր ընտանիքի թերությունն օտարն իմանա: Պողոս Առաքյալը խիստ հանդիմանում է այն մարդկանց, որոնք եկեղեցու մեջ եղած խնդիրները հանում են աշխարհի դատվորների առաջ: Նա ասում է՝ մի՞թե ձեր մեջ մի քանի իմաստուն մարդիկ չկան, որ այդ հարցերն ինքներդ կարողանաք ձեր մեջ լուծել:
Տեր Մինաս, այս ամենում արդյոք եկեղեցին ունի՞ մեղքի իր բաժինը: Գուցե ժամանակի ընթացքում մարդիկ մեկուսացե՞լ են եկեղեցուց, հավատացյալների և Եկեղեցու հետ կապը ամուր չի՞ եղել, թե՞ այլ հարցեր կան:
-Եկեղեցին միայն այսօրվա հոգևորականները կամ հավատացյալները չեն, եկեղեցին 2000 ամյա պատմական կառույց է իր սրբերով, հոգևորականներով, հավատացյալներով, հաջողություններով, տկարություններով… Այո, բնականաբար թերացումներ կան: Օրինակ՝ բոլոր մկրտված անձինք, որոնք կոչվում են Եկեղեցու զավակներ, այսօր բավական պասիվ են: Հիմնական պատճառներից մեկը գիտելիքների պակասն է. շատերը Աստվածաշունչ չեն ընթերցում կամ քիչ են ընթերցում, առանձնական աղոթքի իրենց կյանքը բավական պասիվ է: Պողոս Առաքյալն ասում է, որ հավատացյալն անդադար աղոթքի մեջ պիտի լինի, իր միտքը անընդհատ Աստծո հետ պիտի լինի, իր հոգին պիտի Աստծո հետ կապի մեջ լինի, սակայն մենք տեսնում ենք մկտրված քրիստոնյաներ, որոնք, ցավոք սրտի կարող է «Հայր մերն» էլ չիմանան: Սա, ինչ խոսք, նաև մեր՝ հոգևորականներիս թերացումն է: Մենք հաճախ ճիշտ չենք պատրաստում մկրտվող չափահասներին, ինչպես նաև անչափահասների ծնողներին և կնքահայրերին, ճիշտ չենք բացատրում նրանց առջև դրվող բեռը, դրա համար էլ շատերը չեն ապրում հոգևոր կյանքով, չեն արժևորում Աստծո հետ կապը:
Ձեր հոգևոր ծառայության ընթացքում Դուք հազարավոր քրիստոնյաների եք մկրտել, որոնց թվում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի կրտսեր դուստրը՝ Արփին: Որպես երկրի ղեկավարի զավակին մկրտած հոգևորական, ի՞նչ եք զգում այսօր՝ ականատեսը լինելով վարչապետի՝ եկեղեցու դեմ ձեռնարկած գործողություններին:
-Ես մկրտության արարողությունից առաջ անպայման զրուցում եմ անչափահասի ծնողների, կնքահոր հետ, բացատրում եմ, պատգամներ եմ տալիս. այն որ իրենք պետք է չարիքից հեռու մնան, հաստատվեն կարեկցանքի, սիրո մեջ և ամեն տեսակ բարի գործեր անեն, այն որ իրենց հոգևոր կերակուրը պետք է լինի Աստվածաշունչը, պետք է մշտապես մասնակցեն պատարագներին, հաղորդություն ստանան, խոստովանության մաս լինեն և այլն: Արփիին մկրտել եմ 2020 թվականի օգոստոսին: Մկրտությունից առաջ այս պատգամները հղել եմ նաև նրան (նկատի ունի վարչապետին), բայց տարբեր մարդիկ տարբեր կերպ են ընկալում:
Ձեր կարծիքով՝ Փաշինյանը ընկալե՞լ է մկրտության խորհուրդը և ձեր ասածների իմաստը:
-Եթե նույնիսկ իրենք չեն էլ հասկացել, ես բացատրել եմ, թե ինչ իրենք պետք է անեն, սակայն թե իրենք ինչպես կարձագանքեին, հետագայում շատ դժվար է վերահսկելը: Բոլոր վանքերի անունից եմ ասում, մեզ համար դժվար է հետագայում վերահսկելը մկրտված զավակների և նրանց ծնողների հոգևոր կյանքը:
Ի՞նչ պատգամ կհղեիք ձեր մկրտած զավակներին:
Եղե՛ք ճշմարիտ, ո՛չ թե ձևական քրիստոնյա, հիշե՛ք, որ դուք դարձել եք Մայր եկեղեցու զավակը, ապրեք քրիստոնյայի կյանքով, պահեք Աստծո պատվիրանները, պատարագի մասնակցեք, նորոգվեք, զորացեք, մեղքերից մաքրվեք:
Նիկոլ Փաշինյանը, որը պարբերաբար սաղմոսներ է մեջբերում, ժամանակ առ ժամանակ գնում եկեղեցի՝ մոմ վառում, ասում է, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատացյալ հոտը կաթողիկոսին պետք է հեռացնի: Այստեղ դուք հակասություն չե՞ք տեսնում:
-Այստեղ խոսքի և գործի տարբերություն կա: Իրական քրիստոնյայի համար եկեղեցու ցավը պիտի լինի իր ցավը և եթե եկեղեցու ներսում խնդիրներ կան, դրանք պիտի ներսում էլ լուծենք, ոչ թե աշխարհի առաջ գրենք, օրինակ՝ տեսեք թե մեր ընտանիքում ինչ «կեղտոտություններ» կան, կամ եկեղեցու պատի տակ դրված ավելը նկարենք՝ գրենք, որ եկեղեցին չուլան է: Ես երբեք իմ տունը թափթփված վիճակում չեմ լուսանկարի՝ հրապարակեմ: Այսինքն եթե ես ընտանիքի անդամ եմ, իրավունք չունեմ իմ տան «կեղտը», ցուցադրել, եթե նման բան կա:
Փաշինյանն ասում է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր ամուսնացյալ քահանաներն իր եղբայրներն են: Արդյոք այս խոսքերը միտված չեն «գայթակղելու» քահանայաց դասին:
-Սրանով, կարծում եմ, փորձում են պառակտում առաջացնել, որ ի վերջո քահանաները հպարտանան, ասեն՝ ինչ լավ է, վարչապետը մեզ իր եղբայրն է համարում: Բայց եղբայրն ո՞վ է: Քրիստոսին երբ որ ասացին, որ քո եղբայրները սպասում են քեզ դրսում, նա պատասխանեց՝ իմ եղբայրները նրանք են, որոնք լսում են Աստծո խոսքը և կատարում են այն: Աստծո խոսքը կատարողը պետք է ունենա խոնարհություն, համեստություն, պարկեշտություն, ներողամտություն: Ես այս բաները չեմ տեսնում այն մարդու կողմից, ում մասին դուք նշում եք, ընդհակառակը՝ ես տեսնում եմ իրավիճակը սրելու փորձեր, անընդհատ ցեխ շպրտել, ինչ-որ անհիմն բաներ հրապարակել: Սա վտանգավոր իրավիճակ է և չափն անցնելու դեպքում կարող է պայթել՝ դրանով վնասելով պետականությանը: Եթե իրենց թվում է, թե անձերի դեմ է այս պայքարը, ապա՝ ոչ: Այս պայքարը եկեղեցու դեմ է: Այս պառակտումները մեզ երբե՛ք օգուտ չեն բերի, երբե՛ք:
Այսօր կալանավորված են Տավուշի և Շիրակի թեմերի նախկին և ներկա եպիսկոպոսները: Արդյոք իսկապես սա իրավական գործընթացի մա՞ս է, ինչպես նշում են իշխանությունները, թե՞ իրականում գործ ունենք խոսքի ազատության սահմանափակման, ցանկացած կարծիք կոշտ մեթոդներով լռեցնելու գործելաոճի հետ:
-Եկեղեցին մշտապես հալածվել է բոլոր դարերում: Անշուշտ, պատմության ընթացքում եղել են անհավատ, եկեղեցուն, եկեղեցականներին հալածող իշխանավորներ: Ե՛վ Բագրատ Սրբազանը, ե՛վ Միքայել Սրբազանը, լինելով եկեղեցու նվիրյալ սպասավորներ, հալածանքի զոհ են: Ես նրանց խոսքում որևէ վտանգ չեմ տեսնում: Կարծում եմ խորը ցավը, տրտմությունը, երկրի և ժողովրդի ապագայի հանդեպ մտահոգությունն է ստիպել մեր սրբազաններին նման կերպ արտահայտվել: Իրենց պետք էր ճիշտ հասկանալ, աջակցել առաջին հերթին լավ քրիստոնյա լինելով, չտրվելով սադրանքներին, չիջնելով այն մակարդակին, որով եկեղեցու հակառակորդները փորձում են մեզ հունից հանել:
Ըստ ձեզ՝ ո՞րն է ստեղծված իրավիճակից ելքը: Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն, օրինակ կոչ է անում երկխոսության, սակայն արդյոք դրա համար «տեղ մնացե՞լ է», արյդոք չե՞ն հատվել բոլոր կարմիր գծերը:
-Գիտեք ինչ, և՛ Աստված է ներողամիտ և այն քրիստոնյաները, որոնք Աստծուն ընդունում են, որպես իրենց տիրոջ և իշխանության, ունեն ներողամտության հնարավորություն: Քրիստոսն էլ էր իր աշակերտներին քարոզում՝ յոթ անգամ ներեք, և երբ յոթը որպես սահման էին դիտում, ասում էր՝ յոթանասուն անգամ յոթ ներեք, այսինքն քրիստոնյան ունակ է անվերջ ներելու: Եվ ես կարծում եմ, որ եթե քայլ արվի, անպայման այդ երկխոսությունն արդյունք կտա: Սակայն այստեղ հարց է՝ կա՞ այդ մեղքի և ապաշխարության զգացումը: Ես կարծում եմ, որ եթե մեր ժողովուրդը մի փոքր քայլ անի դեպի Աստված, Աստված իր հերթին մեծ քայլով ընդառաջ կգա և մեզ կօգնի: Ես կարծում եմ, որ Աստված սպասում է մարդկանց դարձին, աղաղակին, ապաշխարությանը, և եթե այդ օրը հասունանա՝ մեր եկեղեցու կանթեղված կրակն անպայման կբոցավառվի:
Թագուհի Մելքոնյան