Իրան-Իսրայել հակամարտության 12-րդ օրն Իսրայելը համաձայնել է Իրանի հետ երկկողմ հրադադարի ԱՄՆ առաջարկին: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի և Իսրայելի միջև հրադադարի շուրջ համաձայնության մասին:
ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանի խոսքով՝ իրականում Իրանում որևէ մեկը պատրանք չունի առ այն, որ այս պայքարը շարունակական չէ: Եթե նույնիսկ հիմա հրադադարը հստակ մտնի ուժի մեջ, և կողմերը միմյանց չհարվածեն, ապա իրանցիները չեն կարծում, թե հակաիրանական գործողությունները դադարելու են թե՛ Իսրայելի, թե՛ Միացյալ Նահանգների կողմից։
«Ավելի պատկերավոր ասեմ. իրանցիները սկսելու են պատրաստվել պատերազմի՝ պատերազմի ավարտի հաջորդ իսկ վայրկյանից սկսած։
Իրականում բոլորին էլ պարզ էր, որ Իսրայելի կողմից Իրանի նկատմամբ ռազմական ագրեսիայի հիմնական նպատակն Իրանը ներսից քայքայելն էր, այսինքն՝ պետությունը ներսից պայթեցնելը։ Իսրայելում հաճախ այդ ամենը չէին էլ թաքցնում, որ ավիահարվածները կհանգեցնեն նրան, որ Իրանի ներսում տեղի ունենա ապստամբություն և Իրանը փաստացի դառնա Սիրիա, Իրաք, Լիբիա։ Սակայն այդ ամենը ձախողվեց, ընդ որում, ձախողվեց ոչ միայն այդ ծրագիրը, այլև տեղի ունեցավ բոլորովին հակառակը։

Իրանցիներն այս պատերազմը դիտարկեցին՝ որպես ազգային պատերազմ, և նրանց համախմբումը համազգային էր։ Այս համատեքստում հասկանալի է, որ Իրանին անհնարին է ծնկի բերելը»,- 168.am հետ զրույցում նշեց Վարդան Ոսկանյանը։

Շարունակելով միտքը, Վարդան Ոսկանյանը հավելեց, որ Իրանն ունի հսկայական ռազմական ներուժ, և Իսրայելը, հասկանալով առկա ներկայիս իրողությունները՝ ամենևին չի ցանկանում այս կոֆլիկտը շարունակել։

Ինչ վերաբերում է այս համատեքստում Հայաստանի դիրքավորմանը, հաշվի առնելով նաև Սյունիքի հետ կապված հնարավոր ռիսկերը, Վարդան Ոսկանյանը նկատեց՝ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Իրանը համարվում է Հայաստանի անվտանգության ճարտարապետության կարևոր բաղադրիչներից մեկը, հատկապես, երբ խոսքը վերաբերում է Սյունիքի նկատմամբ թշնամական նկրտումներին։

«Հզոր, կայուն Իրանի գոյությունը միանշանակ բխում է նաև Հայաստանի շահերից։ Պետք է պաշտոնական մակարդակում դատապարտվեն Իրանի նկատմամբ բոլոր տեսակի ագրեսիաները, որովհետև այն մեզ ոչ միայն հարևան, այլև բարեկամ պետություն է։

Կարծում եմ՝ այսուհետև ևս պետք է առաջ մղվի հայ-իրանական ռազմավարական դաշինք ունենալու գաղափարը։ Իրանը ցույց տվեց, որ ունի հմտություններ ռազմական տիրույթում զգալի ուժ դնելու և այդ ուժը կիրառելու։Կարծում եմ՝ այստեղ չպետք է որևէ երկմտանք մնա Հայաստան-Իրան ռազմավարական դաշինք ունենալու վերաբերյալ։

Հաշվի առնելով մեկ այլ կարևոր հանգամանք, այն է, որ ՀՀ հանրությունն իր մեծամասնությամբ Իրանի հետ դաշինքի կողմնակից է, դատելով այն հանրային արձագանքից, որը տեղի ունեցավ այս պատերազմի օրերին, իրանցիները սա գնահատում են։

Մյուս կողմից էլ՝ պարզ է, որ պաշտոնական Բաքվի կողմից իսրայելական ագրեսիան չդատապարտելու դիրքորոշումը, նաև իրանական տարբեր լրատվամիջոցներում, տարբեր աղբյուրներում առկա տվյալները՝ Բաքվի աջակցությունն Իսրայելին՝ Իրանի դեմ ագրեսիային հնարավորություն են բացել Իրանի հետ համագործակցելու նաև այս ուղղությամբ։

Այսինքն՝ ապահովելու ոչ միայն ՀՀ անվտանգությունը, այլև թուլացնելու մեր թշնամուն՝ ի դեմս Բաքվի բարբարոսական վարչախմբի»,- շեշտեց Վարդան Ոսկանյանը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել