Ատրակցիան (attraction, անգ.) ձգտում է մի մարդու կողմից` մյուսի նկատմամբ, որը ուղեկցվում է դրական էմոցիաներով»: Դասագրքերում և հանրագիտարաններում այսպես է բացատրվում ատրակցիայի ֆենոմենը, որը հանդիսանում է իմացական` կոգնիտիվ սոցիալական հոգեբանության բաժիններից մեկը: Ատրակցիայի առկայությունը նպաստում է հաղորդակցվելու և հարաբերություններ զարգացնելու գործընթացին: Ատրակցիայի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ դրա երեւան գալը որեւէ մեկից կախված չէ. այն հայտնվում է ինքնաբուխ` մի շարք հոգեբանական երեւույթների արդյունքում: Ցանկացած էմոցիոնալ ազդանշան, որը փոխանցվում է մարդուն, զգայարանների միջոցով մուտք է գործում նրա ենթագիտակցության ոլորտները: Ազդանշանը կարող է պահպանվել, կարող է եւ անհետանալ, ինչը կախված է էմոցիայի կարեւորության աստիճանից: Այդ իսկ պատճառով դժվար է բացատրել, թե ինչու «Ա» անձնավորությունը համակրելի է, իսկ «Բ» անձնավորությունը` հակակրելի: Ատրակցիան յուրատեսակ նախերգանք է հարաբերությունների սկզբնավորման եւ հետագա զարգացման ճանապարհին: Այսպիսով, ատրակցիան անձի հոգեբանության ուսումնասիրության առարկա է: Բայց չմոռանանք, որ մարդը սոցիալական կենդանի է եւ կյանքի հիմնական մասը անցկացնում է այլ մարդկանց հետ: Որոշ հետազոտողներ գտնում են, որ դա կազմում է նրա ժամանակի երեք քառորդը: Ուրեմն, ատրակցիայի մեխանիզմը կարգավորվում է նաեւ սոցիալական հոգեբանության օրենքներով, դառնալով հոգեբանության այդ բաժնի ուսումնասիրման առարկա:

հոգեբան՝ Ս. Ավետիսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել