Շաբաթ օրը Սամվել Ալեքսանյանի երեխաների մկրտությունն էր, ինչը դարձավ հասարակության վերջին օրերի քննարկումների հիմնական առարկան և քննարկումները գնալով թեժանում են: Պատճառն ինչպես գիտեք, ոչ թե մկրտության բուն փաստն էր, այլ ինչպես էր դա կազմակերպվել ու ինչ, մեղմ ասած, ոչ աստվածահաճո գործողություններով էր զուգորդվել: Այսօր կարելի է փաստել, որ Ալեքսանյանական մկրտությունը ոչ միայն ապտակ էր Հայ առաքելական եկեղեցուն ու քրիստոնեությանը, այլև հերթական մեծ քայլը՝ Հայաստանում ասիմետրիկ բևեռացված հասարակություն ունենալու:

Առաջին քննարկումները սկսվեցին Սուրբ Երրորդություն եկեղեցին ճոխ զարդարելու ու աչք ծակող պճնանքի առնչությմաբ և բազմաթիվ մարդիկ հարց էին տալիս, թե որքանո՞վ է ճիշտ դա անել: Չէ՞ որ եկեղեցին ոչ հարսանյաց սրահ է, ոչ էլ ժամանցային վայր, որպեսզի այն զուգես և զարդարես ըստ քո հայեցողության ու ֆինանսական հնարավորությունների: Այո՛, այլ երկրներում նման պրակտիկա կա, բայց այլ երկրներում այլ կրոններ են ու քրիստոնեության այլ ճյուղեր, իսկ մկրտության արարողությունն անց էր կացվում Հայաստանում և պետք էր առաջնորդվել Հայ առաքելական եկեղեցու հայեցակարգով, որը միշտ էլ աչքի է ընկել ասկետիզմով ու պճնանքից հեռու մնալով: Սակայն այս հարցը բնավ էլ առանցքայինը չէր, առանցքայինն այն էր, ինչ հետևեց զուգել-զարդարելուն:
Ինչպես արդեն գիտեք, մի առ ժամանակով եկեղեցին վեր էր ածվել VIP գոտու, որտեղ թույլ չէին տալիս մուտք գործել «հասարակ մահկանացուների», իսկ երբ արարողության թափորը ժամանեց, ամեն ինչ վերածվեց բացեյբաց լկտիության. հերիք չէ Ալեքսանյանի թիկնապահները հսկում էին եկեղեցու մուտքը, որպեսզի ոչ մի «չհրավիրված» մարդ մուտք չգործի, իսկ մուտք գործածներին էլ օպերատիվորեն հեռացնեն, դեռ մի բան էլ աչքի ընկավ ինքը՝ Ալեքսանյանը, ով լրագրողին հրելով ու քաշքշելով վտարեց եկեղեցուց:

Այս խայտառակությունն ունի երկու կողմ: Արդեն իսկ հնչել են հազարավոր դատապարտող ու անգամ անիծող մեկնաբանություններ՝ նման անամոթություն գործելու վերաբերյալ, ընդ որում, արդեն արձագանքել են մի շարք հոգևորականներ՝ հիմնականում արտասահմանից, ովքեր մատնանշելով, որ Ալեքսանյանը ով էլ լինի, միևնույն է՝ հասարակ մահկանացու է ու նա ոչ մի դեպքում իրավունք չուներ հավատացյալների մուտքը սահմանափակել Աստծո տուն, հիշեցրել են նաև, որ դա մեծագույն մեղք է ու ոչ աստվածահաճո քայլ: Սակայն հարցի կրոնա-դավանաբանականից պակաս կարևոր չէ դրա աշխարհիկ-հասարակական կողմը:

Սամվել Ալեքսանյանի այս քայլը մարմնավորվում է ողջ այն սոցիալական անարդարությունը և հասարակության տնտեսա-քաղական «վերնախավի» ու մնացյալ ժողովրդի մեջ գոյացած անդունդը: Ալեքսանյանը կարծես հասկացնել է տալիս, որ Հայաստանում կա մարդու երկու տեսակ, որոնցից մեկին կարելի է ամեն ինչ ու ամեն ինչ նրա համար VIP պետք է լինի, այդ թվում նաև Աստծո հետ շփումը, և կա երկրորդ տեսակը, որն անիրավ է ու կոչված է ծառայելու ու ենթարկվելու առաջինին:

Պարոնա՛յք, ճորտատիրական հասարակարգը սրա համեմատ գերհումանիստական հասարակակարգ էր, բայց դե հարցը դա էլ չէ, հարցը նա է, որ վերնախավն է գնալով կորցնում ադեկվատությունը՝ չգիտակցելով, թե որպես կանոն ինչ է լինում, երբ ճնշող փոքրամասնություն կազմող հասարակական շերտը նման բռի ու անմարդկային կերպով ճնշում է մեծամասնությանը: Եթե մոտեցումների լուրջ վերանայում չլինի, ապա հեռու չէ այն պահը, երբ նույն Ալեքսանյանի միակ հույսը ո՛չ իր փողերն են լինելու, ո՛չ էլ թիկնապահները, այլ նույն այն Աստվածը, ում տունը նա անարգեց երկու օր առաջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել