Tert.am-ը գրում է.
Հայաստանում կոնյակ արտադրող որոշ ընկերություններ վերջին շրջանում կոնյակի գինը 5%-ով թանկացրել են՝ պայմանավորված գազի գնի թանկացմամբ: Այս մասին Tert.am-ին ասաց Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, Արմավիրի գինու-կոնյակի «ՄԱՊ» ընկերության սեփականատեր Ալեքսան Պետրոսյանը:
«Երևանի կոնյակի գործարանը նախ թանկացրել է 5%-ով, որովհետև դա արդեն կապված է գազի գների հետ, և ինձ թվում է, որ բոլորն էլ կթանկացնեն, որովհետև կոնյակ ստանալու համար գազ անհրաժեշտ է, դա, իհարկե, համահունչ է գազի գնի թանկացման հետ, նաև խաղողն է թանկացել, անցած տարի 140 դրամով ենք գնել, այս տարի 145 դրամով»,- ասաց նա։
«ՄԱՊ» ընկերությունը դեռ չի թանկացրել, բայց, ինչպես պատգամավորն ասաց, պետք է թանկացնի: «Երևանի կոնյակի գործարանում որոշում են Ֆրանսիայից, էստեղ որոշում ենք մենք, մենք էլ մտածում ենք, որ այս պահին նպատակահարմար չէ կոնյակի գին թանկացնելը: Ավելի պակաս օգուտ պիտի ստանանք, ուղղակի հիմա չենք թանկացնում»,- ասաց նա՝ ընդգծելով, որ դժվար է թանկացման հարցին հստակ պատասխանել, որովհետև գազի արժեքը շատ մեծ է կոնյակի ինքնարժեքի մեջ:
Հայաստանում արտադրվող կոնյակը 90%-ով սպառվում է Ռուսաստանում, ինչը, ըստ Ալեքսան Պետրոսյանի, նշանակում է, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը դրական կազդի կոնյակի շուկայի վրա։
«Համենայնդեպս էն մարդը, ով բարիք է ստեղծում, էդ մարդիկ շահող վիճակում են լինելու, էն մարդը, ով աշխատում քրտինքով է ապրում, շահող վիճակում է լինելու Մաքսային միություն մտնելու հետ, որովհետև մեր շուկան 100 տարի է Ռուսաստանն է, և մեր համար շատ դժվար է այսօր փոխվել եվրոպական շուկա կլինի, թե ինչ շուկա»,– բացատրեց նա:
Եվրոպական շուկայի միջոցով երկրի շուկան ընդլայնելու հարցին գործարար պատգամավորը պատասխանեց. «Քեզ թվում է քո արտադրածը ռուսական շուկային հերի՞ք է, էսօր ոչ թե պիտի մտածենք, թե որ շուկայում լինենք, այլ պիտի մտածենք, թե ինչ պիտի վաճառենք, բայց մենք չունենք դեռ էն արտադրանքը, որ շուկայի կռիվ անենք, մենք խոսում ենք շուկաների մեծությունից, բայց էդ շուկաներին համապատասխան մենք արտադրանք չունենք: Իսկ էսօր հանքանյութից հետո ամենաշատ լուման կոնյակի արժեքից է Հայաստան մտնում, կոնյակն էլ վաճառվում է Ռուսաստանում, հիմա եթե Ռուսաստանը չթողեց ծախենք, մեզ հարյուր տարի ա պետք, որ մենք ուրիշ երկրների շուկաներ մտնենք»:
Պատգամավորը նաև նշեց, որ Երևանի կոնյակի գործարանը ֆրանսիացիներինն է, արտադրված կոնյակի 99%-ը Ռուսաստանում են իրացնում, իսկ Ֆրանսիայում չեն կարողանում վաճառել մնացած մեկ տոկոսը։ «Իր գործարանն ա, ինչի՞ չի ծախում»,– հարցրեց նա:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ



