Tert.am-ը գրում է.

Այս նյութի նախաբանի համար գրեցի տասնյակ տեքստեր և բոլորն էլ ջնջեցի։ Զրուցել եմ Սոս Սարգսյանի հիմնած Համազգային թատրոնի ամենավառ արտիստներից մեկի՝ Կարինե Ջանջուղազյանի հետ, ով վաստակել է Սոս Սարգսյանի մասին խոսելու իրավունքն ու պատիվը։

-Կարինե, գոնե ես գիտեմ, որ Սոս Սարգսյանը Ձեզ համար ուսուցիչ, հայր, մեծ եղբայր էր նաև, իսկ այդ դեպքում կորցնելիս առաջին զգացողությունը վախն է լինում, կարծես...


-Ոչ, վախը չէր։ Չգիտեմ էլ, թե ինչ ապրում էր, բայց վախ չէր։ Այո, շատերը վախեցան հենց այդ նույն որբության զգացումից, որովհետև նրանք մտածեցին, թե՝ լավ, հետո ի՞նչ է լինելու։ Իսկ ես չապրեցի այդ վախը։ Եվ չեմ էլ կարողանում բացատրել, թե ինչու։ Ես այնքան լիքն եմ նրանով, այնքան բան եմ վերցրել նրանից։ Նա ինձ լիուլի է տվել, և ես լիուլի առել եմ նրանից։ Անկուշտի նման վերցրել եմ ու վերցրել։ Անդադար։ Իսկ նա տալիս ու տալիս էր իր հոգին՝ շռայլ։


- Վերջին անգամ նրա հետ ե՞րբ եք երկար ու հավեսով զրուցել ։


-Ինձ փորձից հանեց, կանչեց իր կաբինետ, շնորհավորեց վաստակավորի կոչման համար։ Շատ լավ բաներ ասաց։ Ասաց, որ ինձ հավատում է։ Ամենաթանկ բանը, որ միշտ շեշտում էր, ասում էր, որ ես իր քույրն եմ՝ ոչ ավել, ոչ պակաս։ Մի տեսակ գողտրիկ ու առանձնակի շատ, մենք զգում էինք իրար։ Հոգիների հարազատություն էր։


-Ձեր հոգևոր մտերմությունը քանի՞ տարվա պատմություն ունի։

-Էսօր թատրոնում հենց էդ էի պատմում էրեխեքին, ասում էի՝ «Էրեխեք, 1991 թվականից՝ Համազգային թատրոնի հիմնադրման առաջին օրից, ես այդ մարդու կողքին էի։ Զարմանում եմ, թե այդ մարդը ոնց է իմ բոլոր կապրիզները տարել։ Չի եղել մի դեպք, որ նա ինձ հանդիմանի։ Նա միշտ ինձ հասկանում էր և ամեն բան ներում էր ինձ»։ Այս վերաբերմունքն, իհարկե, ինձ շատ պարտավորեցնում էր։


-Նա մայր թատրոնից նեղացա՞ծ էր դուրս եկել, թե՞ նոր թատրոնի գաղափարը ստիպեց լքել սունդուկյանցիներին։


-Ես չեմ հիշում այդպիսի բան, որ մայր թատրոնից նա նեղացած լինի։ 23 տարի շարունակ ես այդ մարդուն հետևել եմ։ Ես նրա կենդանի վկաներից մեկն եմ։ Նա այդքան փոքր մարդ չէր, որ գնար զուտ անձնական շահի ետևից։


- Սա ցնցող, ավել քան հանճարեղ մի բան է, ախր, 91 թիվ , պատերազմ և թատրո¬ն. մեր օպերային թատրոնը նույնպես Հայրենական պատերազմին պրեմիերաներ է դրել։ Նա ինչպե՞ս այդ նոր թատրոնի գաղափարով կիսվեց ձեզ հետ, ինչպե՞ս հիմնավորեց հենց այդ ժամանակի մեջ նրա անհրաժեշտությունը։


-Շատ պարզ՝ ասաց. «Մենք մեր թատրոնը պիտի ստեղծենք»։ Ես այսօր հասկացա, որ Համազգային թատրոնը Սոս Սարգսյանի հոգու, իր տեսակի, իր ցավի, ասելիքի թատրոնն է։ Իսկ նրա ասելիքի մեջ միայն սերն էր, մարդ ու երկիր սիրելն էր։ Թե որքանով է մեզ սա հաջողվել, միայն իր կամ մեր խնդիրը չէր. ժամանակներն էին ծանր, շատ փորձությունների միջով անցանք։


-Այդ ընթացքում կռվի ու սովի, հազար ու մի նեղ օրերի մեջ երբևէ գնացե՞լ եք նրա մոտ ու ասել՝ փող, հաց չունեմ։


-Երբեք։ Ես երբեք նրան չեմ ասել, բայց նա ամեն ինչում եղել է ուշադիր։ Միշտ։


-Այսինքն, չի թողել բանը հասնի ասելուն, զգացե՞լ է։


-Այո, և ոչ միայն իմ նկատմամբ, այլև՝ ամբողջ թատրոնի։ Եվ բարի գործ անելիս նրա աջ ձեռքը չգիտեր, թե ինչ է անում ձախը ։ Այդպես էր նա օգնում՝ շատ նուրբ։ Երբեք ոչ ոքի չէր խոցի։ Ես շատ վշտացած եմ։ Երբ երեկոյան իմացա, առաջին բանը որբության զգացումն էր։ Մի տեսակ, աշխարհը շուռ եկավ և այնպիսի տպավորություն էր, կարծես ինձ արմատից կտրել ու դեն են նետել։


-Ես տեսել եմ, գիտեմ, որ ամենակենցաղային հարցով անգամ կարելի էր նրան դիմել ու չամաչել դրա համար։ Ես չգիտեմ, երևի մեկ էլ Հրանտ Մաթևոսյանն էր, ում մոտ կարող էիր հանգիստ գնալ ու պատմել, որ փորդ կամ ատամդ ցավում է, կամ էլ ոչ մի տեղդ էլ չի ցավում, բայց տխուր ես, մենակ ես, չգիտեմ՚...


-Դա մեծ մտավորականին վայել պահվածք է։ Նա ավելին էր, քան մտավորականը։ Վարպետը բարձր հոգևոր արժեքներ կրող մարդ էր։ Նրա դեպքում իր հոգին էր աշխատում, գիտե՞ք։ Մարդ կա, որ մտքով է որոշումներ կայացնում, անգամ մտքով է զգում։ Բայց նա ամբողջովին հոգևոր էր։ Սոս Սարգսյանը պաշտում էր Հրանտ Մաթևոսյանին՝ Հրանտ, Հրանտ, Հրանտ... Նրանք եղբայրներ էին, նույն միս ու արյունը՝ այդքան մոտ և նման։ Նրանք գիտակցում էին, որ իրենք Աստծուց տված այս տարածքի մշակն ու տերն են։ Եվ գիշեր ու զօր մշակում էին այս հողը։ Նա տանուտեր մարդ էր։ Իր երկիրն իր տունն էր։ Եվ նա իր երկրի եղածը երբեք դուրս չէր տալիս։ Դուրս տվողին էլ կհանդիմաներ։ Չէր էլ թողնի իր տականքի մասին վատ խոսեն։


-Հրանտի պես, որ ասում էր՝ «Ճիշտ է, նա բոզ է, բայց մեր բոզն է»՝ տեր կանգնելով իր վերջին բոզին։


-Այո, նա էլ՝ տեր էր կանգնում իր տականքին էլ, բոզին էլ։ Նա ասում էր՝ պարտադիր չէ, որ խելոքները շատ լինեն։ Թող քիչ լինեն, բայց՝ հզոր։ Ու երբեք ոչ մի զեխության չտրվեց։ Ինքը՝ հասարակ, տունուտեղը՝ հասարակ, պարզ, սովորական։


-Գիտե՞ք ինչն է ինձ զարմացնում՝ նա այդքան պինդ ու հաստատ, բայց ստիպված եղավ իր կյանքի վերջին տարիները մաշել թատրոնի շենքի, շինության քաշքշուկների մեջ։ Եթե այդքան ուժեղ ես ու դարձյալ չես կարողացել քո թատրոնի շենքն ունենալ 90-ականներից սկսած, սա վախենալու բան է. եթե անգամ Սոս Սարգսյանին չի տրվում, ապա մյուսներս ինչպե՞ս կարող ենք գոնե հուսալ։


-Այսօր ես բոլորին հենց դա էի ասում, որ թատրոն ցանկանալով՝ նա անձնական ոչ մի շահ չէր հետապնդում։ Նա այնքան բարձր հայ մարդու կերպար էր, որ չէր կարող իր անձնական շահի համար մի բան այդքան ցանկանալ։ Սա մեծ հայի իր պահանջն էր՝ ունենալ հայի թատրոն իր հողի վրա, ստեղծել թատրոն, որը ոչ թե կհարմարվի այս կամ այն շենքին, ինչպես եղել է միշտ, այլ վերջապես մեր հայրենիքում կստեղծվի իսկական թատրոնի շենք։ Այսինքն, նրա խնդիրը մշակույթն ավելացնելն էր, մշակութային նոր օջախ հիմնելն էր։


-Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է պետք արվի այսօր զուտ պետական մակարդակով այդ մեծ անունը ամենաբարձր տեղում դնելու համար։ Ձեր թատրոնն այս պահից սկսած պետք է անի այդ առաջարկները, որ հետո չբողոքենք արդեն արվածից։


-Շատերն ասում են՝ նա նեղացած գնաց։ Ես այդպես չեմ կարծում, որովհետև նա այդ մարդը չէր, որ այդքան փոքր ապրում ունենար։ Նա լավ գիտեր իրերի, երևույթների դասավորվածությունը։ Բայց վարպետն ուներ երազանք. այսքան տարի մենք թափառող թատրոն ենք եղել, և դա մեզ պատիվ չէր բերում, ոչ էլ՝ մեր պետությանն ու հասարակությանը։ Մենք հենց այնպես չենք նրան ասում՝ Նահապետ։ Ես առանց վարանելու նրան կդնեի Թումանյանի կամ Իսահակյանի կողքին։ Նա թանկագին արմատ էր։


-Լավ, ինչպե՞ս արժևորի նրան պետությունը։ Ի՞նչ անի։


-Կրկնում եմ՝ այդ մարդն ունեցել է ազգային և պետական երազանք։ Արվեստ, մշակույթ չարժևորողը հակահայ է։ Պետական արժևորումը Սոս Սարգսյանի երազանքի թատրոն ստեղծելն է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել