Սիրում եմ քեզ... Այս բառերը զգացածիս 30 տոկոսն են կազմում երևի։ Թե ինչ է կատարվում ներսումս՝ միայն զգում եմ, բայց զարմանալիորեն չեմ կարողանում մեկնաբանել։ Կարծես աշխարհն իմը լինի, երբ տեսնում եմ հեռվից ուրվագիծդ, ես ժպտում եմ...աչքերս փայլում են, սրտիս զարկերից շունչս է կտրվում... օ՜, ես սիրում եմ քեզ։ Փշաքաղվում եմ...մարմնովս դող է անցնում միայն այն մտքից, որ միասին ենք, որ իմն ես, որ քոնն եմ... Նվիրվեցի քեզ մինչև վերջ, սիրեցի անմնացորդ...
ես աստվածացրի քեզ, հպարտ եմ քեզանով, սիրում եմ քեզ։ Երբեք չեմ կարծել, որ կսիրեմ մեկին ինձանից շատ, ինձանից առավել։ Մտածել եմ, որ նման մարդիկ չեն հարգում իրենց և չեն գնահատում իրենց արժանիքները։ Բայց արի ու տես, որ ես ինքս ինձ խոստովանում եմ՝ սիրում եմ քեզ իմ կյանքից առավել ու անտեսում եմ անգամ քո թերությունները։ Միգուցե գժվե՞լ եմ, խելագարվում եմ այս հեռավորությունից, ես թուլանում եմ...կարոտում եմ, այլևս չեմ դիմանում... Սկսել եմ խանդել քեզ. այո՛, այո՛ խանդում եմ ահավոր, ամեն չնչին բանից, նախնձում եմ, որ քեզ ուրիշներն են նայում, դու ուրիշների հետ ես խոսում, քայլում, ժպտում։ Ես չեմ տեսնում քո աչքերը՝ մի գուցե դրանի՞ց է...
Անգամ այն հստակ միտքը, որ ժամանակավոր է մեր միջև եղած հեռավորությունը, որ միասին ենք լինելու կարճ ժամանակահատված հետո, էլի չի հանգստացնում վիճակս, չի սփոփում ինձ այս պահին ոչինչ։ Մի՛ նեղացիր, մի՛ բարկանա, քո հանդեպ տածած սիրուց եմ այսպիսին հիմա, մի՛ վիրավորվիր, մի՛ զայրանա, հասկացիր ինձ՝ ես ա՛յլ կերպ, ա՛յլ աչքերով եմ նայում այս ամենին։ Դու երբեք էլ չես պատկերացնի, չես ընդունի ու ընկալի երևույթն այնպիսին, ինչպիսին ես եմ տեսնում, զգում, ապրում։ Ընդունիր ինձ այնպիսին, ինչպիսին կամ, ես զգացմունքային եմ, էմոցիոնալ, բայց չէ՞ որ սիրում եմ քեզ անմնացորդ, անապական սիրով...
Հեղինակի խնդրանքով իր անունը չի հրապարակվում:



