Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տեղեկացված լինելը, իրազեկվածությունը կփոխի և անգամ կփրկի մարդկային ճակատագրեր` խնդրանքով դիմում եմ բոլոր հայկական ԶԼՄ-ներին: Ես` Սերյոժա Օհանջանյանս, առաջին կարգի հաշմանդամ, 2008թ.-ից «ԷԽՈ» ՀԿ նախագահն եմ, որի առաջնային նպատակն է հաշմանդամների իրավունքների պաշտպանությունը, մատչելի պայմանների ապահովումն ու հասարակության իրազեկումը հաշմանդամ անձանց իրավունքների մասին: Ինչպես գիտեք Երևանում կառուցվելու է 100 թեքահարթակ՝ յուրաքանչյուրը 200 000 դրամ արժողությամբ, և Երևանի բյուջեից 20 մլն դրամ է հատկացվել դրա համար: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանն անդրադարձավ մայրաքաղաքի թեքահարթակների խնդրին և հավաստիացրեց, որ թեքահարթակների հարմարավետությունը գնահատել են շահառուները:
Մի բան ակնհայտ է, որ կառուցված թեքահարթակները հարմարավետ չեն և եթե մնացածներն էլ նման ձևով են կառուցվելու, ավելի լավ է չկառուցվեն: Վիրավորական է, որ այդքան օրենքներ, շինարարական նորմեր, կառավարության որոշումներ ընդունվեցին, սակայն սայլը այդպես էլ տեղից չի շարժվում և մենք դրական փոփոխություններ չենք զգում: Ինչպես հույսներս դնում էինք մեր հարազատների օգնության վրա, այդպես էլ դատապարտված ենք ինքնուրույն չտեղաշարժվել մինչև կառավարությունը և քաղաքապետարանը սրտացավ չմոտենան հաշմանդամներին, նրանց տեղաշարժմանն ու հիմնախնդիրներին, քանի որ վերջիններս հասարակության լիիրավ անդամներ են: Շատերն են բարձրաձայնում հաշմանդամների մասին, բայց քչերն են խոսում նրանց հետ: Այժմ եկեք փորձենք խոսել նրանց հետ…