Tert.am-ը գրում է.
«Փյունիկ» հաշմանդամների միության նախագահ Հակոբ Աբրահամյանը բացարձակ սուտ է համարում «Էխո» հասարակական կազմակերպության նախագահ Սերյոժա Օհանջանյանի բարձրացրած մտահոգությունը, որ Երևանի քաղաքապետարանի հատկացված գումարները՝ մայրաքաղաքում թեքահարթակներ կառուցելու նպատակով,անարդյունավետ են ծախսվում։
«Եթե ինքն ասում է, որ այս քաղաքում ոչ մի բան չի արվել ու չի արվում, դա բացարձակ սուտ է։ Մեր կազմակերպությունը վերջին 25 տարիներին զբաղվում է հաշմանդամության հիմնախնդիրներով, իսկ վերջին մեկ տարին Երևանի քաղաքապետարանի հետ միասին ենք զբաղվում քաղաքը հաշմանդամներին հարմարավետ դարձնելու հարցերով։ Անձամբ եմ զբաղվել վերջին մեկ տարում այդ թեքահարթակների կառուցման խնդրով, կատարվել է ահռելի աշխատանք»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա՝ մեղադրելով «Էխո» ՀԿ -ի նախագահին՝ իրենց վարկաբեկելու միջոցով ինքնահաստատվելու մեջ։
Հիշեցնենք, որ Սերյոժա Օհանջանյանը զբաղվում է հաշմանդամների խնդիրներով և Tert.am-ի հետ զրույցում բերելով սեփական օրինակը՝ նշել էր, որ կառուցվող թեքահարթակների հիմնական մասը չեն համապատասխանում չափանիշներին և դրանցից օգտվել առանց հարազատների գրեթե անհնար է:
«Այդ թվերը, որ ինքը ներկայացրել էր, որ մեկ թեքահարթակի համար ծախսվել է 200 000 դրամ, հիմար թվեր են, որովհետև թեքահարթակների տեղն անձամբ ես, Երևան նախագիծ ինստիտուտի մասնագետների հետ եմ ընտրել, տեղում հաշվարկ է արվել, թե որ թեքահարթակի համար ինչքան պետք է ծախսեր անել և այդ թեքահարթակների մեծ մասն արդեն կառուցվել է։ Ասել, որ սխալ է կառուցված վիճելի հարց է և 100%-ով սուտ»,- ասաց նա։
Ինչ վերաբերվում է կոնկրետ օրինակին՝ Մաշտոց-Պուշկին խաչմերուկում կառուցված թեքահարթակին, Հակոբ Աբրահամյանը հավատացրեց, թե այդ թեքահարթակը նոր չի կառուցվել։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ